Ելենա Հարակիձյան

Armenian

Հայտնի երաժշտական պրոդյուսեր Ելենա Հարակիձյանն աշխատում է դասական երաժշտության անվանի ներկայացուցիչների հետ։ Նա «Օպերա ապրիորի» երաժշտական փառատոնի, ինչպես նաեւ մանկական ուղեղային կաթվածով՝ ՄՈՒԿ-ով հիվանդ երեխաների աջակցության «Վեր կաց ու քայլիր» բարեգործական ծրագրի հիմնադիրն է։ Հայաստանում հասցրել է լինել ընդամենը երկու անգամ, սակայն պատմական հայրենիքի կերպարը Ելենան ինքն իր համար գծագրում էր դեռ մանկուց՝ բանաստեղծություններ գրելով Արարատ լեռան մասին։ Անցյալ տարի՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ելենան մոսկովյան մեկ բեմում հավաքեց աշխարհի առաջատար օպերային թատրոնների հայկական արմատներով մենակատարներին։ Ելենա Հարակիձյանը համերգը նվիրեց նաեւ իր հայ տատիկին ու պապիկին։
 

Բառերից մինչեւ երաժշտություն

Հայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է. նվագում է «Երգող սրտեր» վոկալ-գործիքային համույթում։ Մայրս մանկապարտեզում երեխաներին երաժշտության դասեր էր տալիս, երբ ծանոթացավ հորս հետ։ Մանկությանս տարիներին բեմի վրա խաղալու մեծ փորձ ունեի. սովորում էի երաժշտական դպրոցում, պարով էի զբաղվում, վեց տարի մասնակցում էի կրեմլյան տոնածառի հանդեսներին։ Բայց երբ դարձա տասնհինգ տարեկան, ինձ ասես շուռ տվեցին։ Փոխանակ մուտք գործելու թատերական կամ երաժշտական ոլորտ, ես տարվեցի Դոստոեւսկու գրականությամբ եւ որոշեցի ընդունվել փիլիսոփայության ֆակուլտետ։

Այդ պահին ինձ թվում էր, որ ես չափազանց լուրջ եմ, եւ այդ ամբողջ խաղն ու պարն իմը չեն։ Ես մեծացել եմ «Մոսկոնցերտում», որտեղ աշխատում էին ծնողներս, նախադպրոցական տարիներին նրանց հետ գնում էի հյուրախաղերի։ Արտիստական աշխարհում ինձ զգում էի ինչպես ձուկը ջրում։ Սակայն ինքնասածի աղջիկ լինելով՝ որոշեցի հրաժեշտ տալ ինձ համար թանկ ետնաբեմային  աշխարհին։ Եվ ծնողներիս չհաջողվեց ինձ հակառակում համոզել։

Արվեստի աշխարհ վերադարձա արդեն խոսքի միջոցով։ Փիլիսոփայության ֆակուլտետում, հետո նաեւ Եվրոպական արվեստների ինստիտուտում ուսանելու տարիներին ես կարգին գրել էի սովորել։ Քսանհինգ տարեկանում համախոհների մի խմբի հետ սկսեցինք տարբեր ցուցահանդեսային-փառատոնային ծրագրեր մշակել։ Դա բարդ ու երկար ճանապարհ էր, մեր՝ ամենեւին էլ ոչ բոլոր ծրագրերն էին իրականություն դառնում։ Բայց վերջիվերջո ես, այդպիսի խորդուբորդ ճանապարհով, կրկին վերադարձա երաժշտության աշխարհը։ Սկսեցի աշխատել Վալերի Գերգիեւի ֆոնդի հետ, կազմակերպում էի հռչակավոր երաժիշտների համերգները Ռուսաստանում, ինքնուրույն ծրագրեր էի մշակում։
 

Ետնաբեմերում

Եկավ մի պահ, երբ սկսեցի միջոցառումների կազմակերպման մեջ սեփական միջոցներս ներդնել։ Ստիպված էի ընտրություն կատարել՝ գնալ հանգստանալո՞ւ, թե՞ հերթական համերգը կազմակերպել։ Պարզապես գումարդ չես պահում ներքնակիդ տակ, բանկային հաշվիդ չես դնում, այլ ֆինանսական հոսքերն ուղղում ես հոգեւոր ոլորտ ու ծախսում մինչեւ վերջին կոպեկը։ Ես, առհասարակ, մշտապես դրամական միջոցների փնտրտուքներում եմ։

Արվեստը երբեք չի կարողացել գոյատեւել առանց նվիրյալների աջակցության։ Ռուսական կայսրությունում այն հովանավորվում էր պետական մակարդակով՝ անմիջապես ցարի կողմից։

Համաշխարհային արվեստի մեծագույն գլուխգործոցների մեծ մասը գոյություն չէր ունենա առանց եվրոպական արքայական դինաստիաների ու հովանավորների աջակցության։ Հայտնի մի պատմություն կա, որն ինձ շատ ծանոթ ու հարազատ է։ Պատերազմի ժամանակ Չերչիլին ստորագրելու են ներկայացնում երկրի բյուջեն, որտեղ հատուկ տողով նշված էր մշակույթի զարգացմանն ուղղված որոշակի գումար։ Բրիտանիայի վարչապետի խորհրդատուներին զարմացրեց, որ պատերազմի ժամանակ գումար է առանձնացվում ծախսերի ա՛յդ հոդվածի համար։ Դրան Չերչիլի արձագանքն այսպիսին էր. «Եթե մշակույթ չի լինելու, ինչի՞ համար ենք այդ դեպքում պատերազմում»։

Ձեւավորման ողջ աշխատանքն ինքս եմ կատարում. ազդագրերը, ծրագրերը, բուկլետները։ Համոզված եմ, որ միայն այն դեպքում, երբ ներսից ես ծանոթ համերգի նախապատրաստական ու կազմակերպչական բոլոր  աշխատանքներին, կարող ես միջոցառումը բարձր մակարդակով իրականացնել։ Անգամ համերգասրահի հատակն եմ լվացել։ Մի անգամ մենք Մոսկվայի կենտրոնում համերգասրահ էինք վարձակալել, որտեղ նախորդ օրը ֆուրշետ էր անցկացվել։ Հավանաբար բոլորը քնած էին մնացել ու հաջորդ օրն աշխատանքի չէին ներկայացել, անգամ հավաքարարն էր բացակայում։ Համերգից երկու ժամ առաջ մտանք այդ հրաշալի սրահը, որտեղ շքեղ ռոյալ էր դրված, ու զգացինք, որ հատակը կպչուն է։

Պատուհանի գոգին պունշի կիսախմած բաժակն էր, ստեղներին ապակու կտոր էր ընկած։ Սկսեցի լվանալ հատակը՝ երեկոյան զգեստով ու բարձրակրունկներով։
 

Ինտուիցիայի նուրբ լարերը

«Սեփական հայրենիքում մարգարեներ չկան»՝ սա կարծես մեր երիտասարդ արվեստագետների մասին լինի։ Ռուսաստանում երբեք հաջողության չես հասնի, մինչեւ արեւմուտքում ինչ-որ բանի չհասնես կամ չծերանաս։ Այն, ինչ հիմա Ռուսաստանում ժողովրդականություն է վայելում, արդեն գործնականում հնարավոր չէ լսել։ Իսկ երբ երիտասարդ տաղանդներն են նվագում, դահլիճում «մեկուկես հանդիսատես» է նստած լինում։ Լսարան հավաքելը շատ բարդ գործ է։

Չգիտես ինչպես՝ այնպես է ստացվում, որ երաժիշտները, որոնց քսան տարեկանում ինչ-որ տեղ լսել, պատահաբար հանդիպել ու բարձր եմ գնահատել, այսօր հաղթում են լուրջ երաժշտական մրցույթներում։ Հուսամ՝ նրանք երբեք չեն դադարի սիրել երաժշտությունը, իսկ նրանց երգարվեստն ու նվագը երբեք որակից քանակի չի վերածվի։
 

Մի անգամ մասնակցում էի ընկերներիցս մեկի՝ գերազանց դաշնակահար Լուկաս Գնեյուշասի համերգին։ Բեմ դուրս եկավ դիրիժոր Մաքսիմ Եմելյանիչեւը, ձեռքերով ընդամենը մեկ-երկու շարժում արեց, ու ես հասկացա, որ դա արվեստ է։ Այդ պահին ընդամենը 2,5 րոպե էր, ինչ բեմի վրա էր։ Բայց այլ դեպքեր էլ են եղել։ Ինձ ասել են՝ գնա, լսիր, հրաշալի երաժիշտ է։ Գնացել ու հասկացել եմ, որ մեր միջեւ պատ է։ Կատարվող երգը ոչ ականջներիս է հասել, ոչ՝ հոգուս։ Բացի այդ, երբ ֆալշ եմ լսում, թեկուզ աննշան, կամ ձայնի տհաճ տեմբր, մարմնովս սարսուռ է անցնում. ահա այսպիսի տարօրինակ ֆիզիոլոգիական առանձնահատկություն։

 

Երաժշտական կրթություն

Ես պարտադիր երաժշտական կրթության կողմնակից եմ։ Ցանկացած երեխա գոնե մի հինգ տարի պիտի սովորի նվագել որեւէ երաժշտական գործիք։ Ռուսաստանում դեռ հարյուր տարի առաջ երաժշտական գրագիտությունը դասական կրթության բաղադրիչ էր։ Սպայական շրջանակներում չկային այնպիսիք, որ ոչ մի գործիքի չէին տիրապետում։ Յուրաքանչյուր կիրթ ընտանիքում երեխաներին երաժշտություն էին ուսուցանում, որովհետեւ դա ուղեղի զարգացմանը նպաստում էր ավելի, քան որեւէ այլ առարկա։ Բավականին մեծ թվով ուսումնասիրություններ կան այն թեմայով, որ ձեռքի միջոցով, մոտորիկան զարգացնելու միջոցով հսկայական քանակությամբ նեյրոնային կապեր են ձեւավորվում։

Հատկապես կարեւոր է երաժշտական կրթություն ստանալ ամենավաղ տարիքից։ Երաժշտությունը հարստացնում է հոգին ու ճաշակ է դաստիարակում։ Բոլորովին պարտադիր չէ, որ երեխան անպայման պրոֆեսիոնալ երաժիշտ դառնա։ Կարծում եմ՝ մեծ մոլորություն է, երբ ծնողներն ասում են, թե իրենց երեխան չաճեց մինչեւ թատրոնի կամ դասական համերգ տալու մակարդակի։ Եթե երեխան տասներեք տարեկան է եւ դեռ օպերայում չի եղել, ամենայն հավանականությամբ նա այնտեղ արդեն երբեք չի գնա։ Կամ էլ հասուն տարիքում լսելով՝ չի հասկանա ու չի սիրի օպերան։ Ես պարզապես սեփական երեխայիս եւ ուրիշ երեխաների օրինակով եմ համոզվում, թե ինչքան արագ են նրանք սովորում դասական երաժշտություն՝ մեծերից շատ ավելի անկեղծ ու ավելի ճշգրիտ ընկալելով դրա նրբությունները։
 

Արմատներ եւ ուղիներ

Հայրս զտարյուն հայ է, որը ծնվել է Կրասնոդարի Արմավիր քաղաքում, պտտվել է աշխարհով մեկ, եղել է բոլոր աշխարհամասերում, բայց երբեք, նույնիսկ ԽՍՀՄ տարիներին, Երեւանում հյուրախաղերի չի եղել։ Տարօրինակ զուգադիպությամբ՝ հայաստանյան ծրագրված բոլոր համերգներն ու շրջագայությունները այս կամ այն պատճառով խափանվում էին։ Նա ասում էր. «Հավանաբար ինչ-որ պահ պիտի գա, որ աստղերը բարեհաճ գտնվեն»։ Ես առաջին անգամ Հայաստան գնացի 2003-ին, երբ 28 տարեկան էի։

Ասում են՝ երբ հայերը նայում են Արարատին, սկսում են արտասվել։ Չգիտեմ՝ ինչու է այդպես, բայց ես էլ բացառություն չեմ։

2003-ի ապրիլի 19-ին, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, խիտ մառախուղի պատճառով ոչինչ տեսնել հնարավոր չէր։ Երբ հասկացա, որ ոտք եմ դնելու հայկական հողին, մոտս հիստերիա սկսվեց։ Դողում էի, արցունքներս թափվում էին հեղեղի պես։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ բարձրացա երեւանյան Կասկադ ու հանկարծ տեսա Արարատը։ Չգիտեմ, թե ոնց է այդ լեռն ազդում այլ մարդկանց վրա, բայց ինձ համար այն մեծ նշանակություն ունի։ Ես առաջին ոտանավոր եմ գրել վեց տարեկանում, եւ այն Արարատի մասին էր։ Այդ ժամանակ դեռ գրել չգիտեի, իմ ասածները ռուս տատիկս էր գրի առնում՝ մայրիկիս մայրը։

Իմ այցը Երեւան հայկական ծրագրի հետ էր կապված։ Ես այն ուղարկել էի մրցույթի ու շահել էի Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի դրամաշնորհը։ Բայց Roots & Routs («Արմատներ ու ուղիներ») ծրագրին վիճակված չէր իրագործվել։ Նպատակ ունեի մեծ փառատոն կազմակերպել, որտեղ կներկայացվեր հայկական երաժշտությունը, գրականությունն ու կիրառական արվեստը։ Հայերը ողբերգական իրադարձությունների հետեւանքով աշխարհով մեկ ցրված ազգ են։ Ցանկանում էի ի մի բերել արվեստի բնագավառում հայերի ստեղծած արժեքները ողջ աշխարհից, որպեսզի, օրինակ, Էրմիտաժի ուրարտական գանձերի հարեւանությամբ լինեին ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսները։ Որ մեկ բեմում ելույթ ունենային Ազնավուրն ու Շերը, հնչեին Կոմիտասի երգերն ու ջազ։ Ցանկանում էի, որ փառատոնը կայանա աշխարհի բոլոր մշակութային մայրաքաղաքներում՝ Փարիզ, Լոս-Անջելես, Մոսկվա, Բեյրութ՝ ամենուր, որտեղ հզոր հայկական համայնք կա։

Երկրորդ անգամ Հայաստանում հայտնվեցի 2013-ին։ Գնացել էի այնտեղ որդուս կնքելու նպատակով. նրա մեջ հայկական արյունը մեկ քառորդ է, նա կիսով չափ ավստրիացի է։ Ես միտք չունեի նրան կնքելու, բայց հասկանում էի, որ եթե այդպիսի բան պատահի, դա կլինի միայն Հայաստանում։ Մինչդեռ դավանանքային նախապատվություններ չունեի։ Մենք աշխարհի բնակիչներն ենք։ Ես միշտ ասում եմ. Աստված չափազանց մեծ է մեկ կոնկրետ կրոնի պատկանելու համար։ Բայց մոտ վեց տարեկանում որդիս ինքն սկսեց հետաքրքրվել այս թեմաներով։ Ասաց, որ ցանկանում է, որ իրեն կնքենք, ու մենք եկանք Գեղարդ։ Դա մի տեսակ ենթագիտակցական որոշում էր՝ ոչ թե Էջմիածին, այլ հենց Գեղարդ։ Այդ տարի մենք նրա հետ շրջեցինք համարյա բոլոր հայկական վանքերով։ Այնտեղ ես ինձ տանն էի զգում։

 

Արմատների կանչը

Ինչքան հզոր պիտի լինի գենը, որ մի մարդու ստեղծագործություններում, որը գուցե չի էլ գիտակցում իր հայ լինելը, չի տիրապետում հայոց լեզվին, ծնվել է յոթ սարից այն կողմ, երրորդ կամ չորրորդ սերունդն է, ազգային գծեր հայտնվեն։ Կիրառական արվեստում, օրինակ, գույնի զգացողությունը։ Ջազում՝ արեւելյան մոտիվները, բարդ ռիթմային պատկերները։

Ընդհանրապես, հայերն անհատականությունների ազգ են, ամեն ինչում իմպրովիզներ անող։ Հավանաբար դա կյանքի բարդությունների հետ է կապված։

Ժողովուրդը, որին տեղից տեղ էին քշում, ստիպված էր հաշտվել նոր պայմաններին։ Ինչպես ռուսական առածն է ասում՝ «Աղքատությունը մեծ երեւակայություն ունի»։ Եթե կուշտ ու բավարարված ես, ամեն ինչ ճարպակալում է։ Իսկ եթե խիստ սահմանների մեջ ես, բայց պետք է անպայման հասնես նպատակիդ, սկսում ես իմպրովիզներ անել։

Իմ ընտանիքի վրա ցեղասպանությունն անմիջականորեն չի անդրադարձել, որովհետեւ հորս կողմից պապիկներս ու տատիկներս այդ ժամանակ արդեն ապրում էին Նոր Նախիջեւանում։ Նրանք հայեր էին, որոնց եկատերինյան տարիներին Ղրիմի վեց գյուղերից վերաբնակեցրել էին Դոնի Ռոստովում։ Իսկ Ղրիմում նրանք հայտնվել էին, ինչպես պատմում է լեգենդը, միջնադարյան Անիից։

Անցյալ տարի «Օպերա ապրիորի» փառատոնի շրջանակներում ես Կոնսերվատորիայի մեծ դահլիճում կազմակերպեցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ։ Այն սկսվեց ապրիլի 23-ի երեկոյան, երբ եկեղեցում ավարտվեց կարգը, որի ընթացքում Ցեղասպանության բոլոր զոհերը սրբադասվեցին։ Համերգի ժամանակ հնչեց ժամանակակից ռուս կոմպոզիտոր Վյաչեսլավ Արտեմեւի Ռեքվիեմը, եւ ըստ ծրագրի՝ այն պիտի կատարեին պատմական հայրենիքի սահմաններից դուրս հռչակավոր դարձած հայ երաժիշտներ։ Այս համերգը կազմակերպել էի հատուկ այն նպատակով, որ տատիկս ու պապիկս ինձ երկնքից ժպտան։ Հաստատ գիտեմ, որ երբ Հասմիկ Պապյանը Ռեքվիեմից անմիջապես առաջ լիակատար մթության մեջ Կոմիտասի «Կռունկն» էր երգում, ու ողջ դահլիճը հոտնկայս ունկնդրում էր նրան, ես թիկունքիս զգում էի ողջ տոհմս։
 

Հարցազրույցը՝ Դիանա Խաչատրյանի
Լուսանկարները՝ Աննա Արտեմեւայի

Weight: 
-200
Image: 
Display type: 
Big
Subtitle: 
Երաժշտական ճաշակի օրենսդիրը