Վալերի Թորանյան

Armenian
Intro: 
Ֆրանսիայում հայտնի ֆեմինիստ, «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանն իր հորական տատիկի մահվանից քսանմեկ տարի անց իր վեպով կրկին կյանք է տալիս այն «օտարուհուն», որը վերապրել է անպատմելի իրողություններ:
Weight: 
-55
Related content: 
Story elements: 
Text: 
Ֆրանսիայում հայտնի ֆեմինիստ, «Revue des Deux Mondes» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանն իր հորական տատիկի մահվանից քսանմեկ տարի անց իր վեպով կրկին կյանք է տալիս այն «օտարուհուն», որը վերապրել է անպատմելի իրողություններ:
Text: 

«Ես սիրում եմ մորս եւ հպարտանում նրանով: Ես պաշտում եմ տատիկիս, բայց խորապես ամաչում նրանից: Գեղեցիկ չէ, ներկայանալի չէ, չափազանց գեր է, չափազանց տարօրինակ, չափազանց օտար, գերզգայուն, չափից ավելի պարանոյիկ, ամեն ինչ` չափազանց»,-ասում է Վալերին:  

2015թ. ապրիլի 24-ից մի քանի օր առաջ Վալերի Թորանյանի «Օտարուհին» վեպի լույս ընծայումը պատմում է մի փոքրիկ փարիզուհու պատմություն, որ ծնվել է Ֆրանսիայում «փառավոր երեսնամյակի» տարիներին՝ հայ հորից, որը շատ վաղ է հեռացել կյանքից, եւ ֆրանսուհի մորից, որը հայ իրականության հակապատկերն է: Մի աղջնակ, որ մեծացել էր պառակտվելով տան երկու` ամեն ինչով հակադիր կանացի կերպարների հանդեպ անվերապահ նվիրվածության միջեւ: Սակայն «ELLE» ամսագրի նախկին տնօրենը կարողացել է այդ ժառանգությունից ուժ ստանալ` իր հոգու խորքում մարմնավորելով արտաքուստ անհնարին մի համադրություն` լեգենդների Արեւելքի եւ ռացիոնալ Արեւմուտքի սինթեզը:

Վալերիի տատիկը` Աղավնին, որը, ըստ պաշտոնական տվյալների, ծնվել է 1889թ. Ամասիայում` կենտրոնական Անատոլիայի հյուսիսում, հիշողության մեջ պարզունակ ու իդեալական պատկեր էր պահել իր մանկության տան ու այգու` նրան վայրագորեն չափահաս կյանք նետած 1915թ. ցեղասպանությանը նախորդող բնապատկերի մասին: «Մեր տատիկն ապրում էր մեր վերեւի հարկում, այնպես որ համարյա ամեն օր տեսնում էինք նրան: Նա համարյա իրենից անկախ էր փոխանցում հույզերը, խոհանոցը, խորհուրդը... խոսելու կամ չխոսելու ձեւը. նախադասությունները միշտ սկսում էր նույն բառերով` «ա՛հ, եթե իմանայիր...», նա խոսում էր համառոտ հայ-ֆրանսիական գլուխկոտրուկի լեզվով»,-հիշում է Վալերին: Միայն 18 տարեկանում է, որ Վալերին սկսում է հայերեն խոսել:

Ինչպե՞ս նկարագրել Գողգոթան

«Նա ցանկություն չուներ խոսելու այն մասին՝ ինչ կրել էր աքսորի ժամանակ...  Ինչ–որ առումով կամակոր համառություն էր ցուցաբերում»,-ասում է Վալերին: Համառ հետեւողականություն էր պետք այդ անասելի տառապանքի մասին մի քանի պատառիկ կորզելու համար: Աղավնիի խոսքն ազատություն գտավ միայն Վալերիի առաջին երեխայի լույս աշխարհ գալուց հետո:

Հավաքելով խոստովանությունների բեկորներ, որ քսան տարի առաջ գրանցվել էին մի փոքրիկ նոթատետրում, եւ մի քանի պատմաբանի օգնության շնորհիվ

Վալերին փորձել է պատկերացնել աներեվակայելին, վերականգնել տատիկի անցած ճանապարհը` աքսորից մինչեվ փրկությունը Հալեպում:

Image: 
Text: 

Վալերի Թորանյանի վեպի շապիկը, Ստուդիո Ֆլամարիոն
Շապիկը` Յոլանդ դը Կորտի / Trevillon Images

1915թ. Աղավնիի հայրը` Թադեոս Մեսերլյանը, հարուստ ջուլհակ էր ու միաժամանակ հայտնի հայրենասեր Ամասիայի հայ բուրժուազիայի շրջանակներում։ Աղավնիին, որն այն ժամանակ 16 տարեկան էր, նա ամուսնացրեց մի հեռավոր բարեկամի՝ Հակոբ Բոյաջյանի հետ, որը  կրթված երիտասարդ էր, հայտնի շերամաբուծական հաստատության սան։ 1915թ. մարտին Աղավնիի հորն ու ամուսնուն հեռացնում եւ սպանում են։ Այնուհետեւ, հուլիս ամսին գալիս է կանանց եւ երեխաների հերթը, որոնց ժողովում են քարավաններում եւ ուղարկում անհայտ ուղղությամբ։ Սկսում է երթը դեպի դժոխք, որի ընթացքում անհամրելի վայրագություններ են կատարվում քրդերի, թուրքերի եւ չերքեզների կողմից, որոնք առեւանգում են երեխաներին եւ իրենց գյուղերը տանում։ Միայնակ բոլորի դեմ՝ Աղավնին, որի մայր Աննան մահացավ հյուծվածությունից, շարունակում է դժոխային ուղին իր մորաքրոջ եւ կնաքամայր Մելինեի՝ նրա պահապան հրեշտակի հետ։ Վերջինս նրան խորհուրդ է տալիս խուսափել աչքի ընկնելուց՝ գոյատեւելու համար։

Աղավնին ինքն իրեն տգեղացնում էր, որ աչքի չընկնի։

Ամասիայից Սարը քըշլա (1915թ. օգոստոս) եւ Արաբ Փունար՝ ներկայիս Քոբանին Սիրիայի հյուսիսում (1915թ. սեպտմբեր), չարչարանաց ճանապարհը նրանց Հալեպ է հասցնում։ Աղավնին փրկվում է՝ Մելինեի հետ աքսորի քարավանից փախչելով։ Մի ողջ գիշեր անտառներում  քայլելուց հետո նրանք հասնում են մի փոշոտ կայարանի եւ Հալեպ գնացող գնացք նստում։ Այդ քաղաքում նրանց փրկում է Հովհաննես Թոսփաթը՝ նրանց ուղեկցող ամասիացի մի որբ աղջկա՝ փոքրիկ Մարիամի հորեղբայրը։ Այնտեղի փոքրիկ հայ համայնքը դեռ աքսորի զոհ չէր դարձել, եւ փոխօգնության ցանց էր ստեղծվել Մազլումյան եղբայրների՝ հանրահայտ «Բարոն» հյուրանոցի սեփականատերերի շուրջ։

 

 

Պատերազմից հետո Կոստանդնուպոլսում հաստատվելով՝ Աղավնին 1922թ. ամուսնանում է ծնունդով Դորթյոլից (Չորք–Մարզպան, ներկայիս Թուրքիայի հարավում) Մերոպ Գույումջյանի՝ դաշնակցության երիտասարդ անդամի հետ։ Սա առանց սիրո եւ կրքի ամուսնություն էր։ Մի միջոց՝ մեկնելու, մահվան ու դժբախտության այդ երկրից հեռանալու համար։ Ձեռքներին օսմանյան անձնագիրը, որի վրա մանուշակագույն թանաքով կնքված է «Առանց վերադառնալու իրավունքի» գրությունը, զույգը մեկ տարի անց հասնում է Մարսել, ուր ծնվում է նրանց միակ որդին՝ Վռամը։ Սակայն միջպատերազմյան ժամանակաշրջանի Ֆրանսիան այնքան էլ հյուրընկալ չի գտնվում սարսափից մազապուրծ եղածների հանդեպ։ Մինչ նրա ամուսինը խաղասրահներ այցելելուն զուգահեռ քաղաքական գործունեություն էր ծավալում, Աղավնին ծայրահեղ ջանքեր էր գործադրում ընտանիքը պահելու համար: Հուսահատված Աղավնին չի փորձում նրան ետ կանգնեցնել, երբ վերջինս որոշում է Բրազիլիա մեկնել՝ բախտ փնտրելու։ Աղավնին նրան այլեւս երբեք չի տեսնում, Մեսրոպը մահանում է սրտի կաթվածից Սան Պաուլոյում 1953թ.։ Միայնակ մնալով Վռամի հետ՝ Աղավնին այդ զգացմունքային դատարկությունը լցնում է լիովին նվիրվելով որդուն, որն իր համար դառնում է ամեն ինչ։ Նրա հույսերը ցավալիորեն փշրվում են այն օրը, երբ Վռամը նրան է ներկայացնում իր ապագա կնոջը՝ Վալերիի մորը։ Իրական «դավաճանություն» Աղավնիի համար, որին տարիներ կպահանջվեն՝ հարսին ընդունելու համար։ Միայն 1978թ. Վռամի վաղաժամ մահվանից հետո է, որ երկու կանայք միավորվում են՝ փորձություններին դիմակայելու համար։

Image: 
Text: 

Աղավնի Մեսերլյանը
Լուսանկարը՝ Վալերի Թորանյանի անձնական հավաքածուից

Ապրելով` որպես օտար

Ինչպես բազում այլ երեխաներ, որոնք ֆրանս–հայկական զույգի ծնունդ են, Վալերին իր եղբոր եւ քրոջ հետ ապրել է օտար ուրախություններն ու ցավերը։ Ֆրանսուազը՝ նրա մայրը, մի գրավիչ նորմանդուհի է, ավելին՝ շիկահեր եւ ֆրանսերենի ուսուցչուհի։ Մինչդեռ տատիկը հայուհի է, իսկ այն ամենը, ինչ հայկական է «առնչվում է ողբերգության»: Երկու կանանց մշակութային անհամապատասխանությունն աննկարագրելի է: Աղավնին նրան կիսաշրջազգեստներ է գործում, որոնք հնարավոր չէ հագնել, անընդհատ արգելում հեռուստատեսության նվազագույն ռոմանտիկ տեսարանները՝ ի դժբախտություն իր թոռնուհու։ Հայերի մոտ առաքինության հարցի շուրջ կատակներ չե՛ն անում։

Նրա հայրը, որը դեռ երկար ժամանակ իր ծագման հետ կապված բարդույթներ է պահպանում, ի վերջո, հոգով ու սրտով նվիրվում է հայ կաթոլիկ եկեղեցուն, հընթացս դառնալով նաեւ Փարիզի հանրահայտ Yan’s ակումբի համահիմնադիրներից մեկը։ Իր հերթին, Աղավնին ձեռնամուխ է լինում իր թոռների հայկական կրթության կատարելագործմանը։ Նա հպարտությամբ թոռներին շաբաթը մեկ անգամ Բլյո փողոցի հայերենի դասընթացներին է տանում, որը Վալերիի համար չափազանց ձանձրալի էր։

Երկարաշունչ զարթոնք

«Հայկականության» այս երկարաշունչ զարթոնքը մի քանի փուլով է տեղի ունենում։ Նախ սկաուտական շարժումն է, երբ դեռահասը միանում է «Հայեր» խմբին՝ Մեծատուրյանի ղեկավարության ներքո։ Իհարկե, նաեւ՝ անխուսափելի ապրիլի 24–ը։ Ամեն տարի հայրն անպայման ողջ ընտանիքով գնում է ոգեկոչելու հայերի ցեղասպանությունը։

Վալերին այդ հանդիսավոր օրը հիշում է ինչպես մի «ծեր հորեղբոր թաղման» օր։ Գաղտնի ուրախանում է, որ այդ օրը կարող է դպրոց չգնալ քանի որ «Հայոց ցեղասպանության ոգեկոչման պաշտոնական օր է»։ Իրականում նա նախանձում էր իր հրեա ընկերուհիներին, որոնց հետ անկախ իրենից համեմատվում է. «Ես ուզում էի հրեա լինել, որովհետեւ դա կարծես հայ լինելն է, դրան գումարած՝ ճանաչումը»։

Հետո եկան 1970–ական թվականները. 68 թվականի մայիսի իրադարձություններին հետեւած ձախակողմյան ոգեւորությունը սողոսկում է դպրոցներից ներս. «Բոլորը քաղաքականացված էին։ Ինչ խումբ ասես կար՝ կային մաոիստներ, սիոնիստներ, տրոցկիստներ...»։ Վալերին սկսում է հետաքրքրվել հայկական հարցով, ինչը բնականորեն միահյուսվում է այդ պահի իր քաղաքական մտորումներին։ Այդ երիտասարդ հայ ակտիվիստների մոտ նա հստակ խզում է տեսնում հին սերնդի հետ, որն ավելի էր ներփակված հիշողության, վերքերի եւ անցյալի անարդարության մեջ։ «Այս անգամ մենք այլեւս զոհեր չէի՛նք։ Մենք կարող էինք նույնիսկ անհանգստացնել, երկյուղ առաջացնել», – հիշում է նա։ Վալերին միանում է ընկերների մի փոքրիկ խմբի՝ «Libération Arménienne» (Հայկական ազատագրում) թերթի ստեղծման գործում։ Այդտեղ ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Արա Թորանյանի հետ. երիտասարդ ակտիվիստ, որը 1980–ականների սկզբին արդեն իսկ համայնքի հայտնի դեմքերից մեկն էր։ Դրան հետեւում է «Հայ պայքարը»՝ հայ ազգային շարժման պաշտոնաթերթը։ Ընկղմվելով այդ քաղաքական եռուզեռի մեջ, նա կատարելագործում է հայերենը, մասնակցում թերթի պատրաստմանը, ամուսնանում 24 տարեկանում։ Իր առաջին որդու՝ Վազգենի ծնունդից հետո երիտասարդ կինն աստիճանաբար սկսում է հեռանալ ակտիվիստական իր գործունեությունից։ Համագործակցում է բազում ֆրանսիական պարբերականների հետ։ «ELLE» ամսագրում ժուռնալիստի աշխատանքը նրան չի խանգարում նոր գործունեություն ծավալել, երբ 1922 թվականին Արա Թորանյանի հետ հիմնում են «Nouvelles d’Arménie» ամսագիրը։

Նրա գրասենյակում, որը գտնվում է «Revue des Deux Mondes» ամսագրի գրասենյակները հյուրընկալող փարիզյան շենքի կտուրին, բավական շոգ է։ Դարակներին կարելի է տեսնել հայերի վերաբերյալ այս՝ 2015թ.–ին լույս տեսած որոշ գրքեր, որոնց միացել է իր սեփականը։ Վալերին Երեւան էր այցելել Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հարյուրամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Այս ճանապարհորդությունն իր տատիկի հետ հաղորդակցվելու առիթ էր. որպես վերադարձ ի շրջանս յուր։

Գլխավոր լուսանկարում՝ Վալերի Թորանյանը: Լուսանկարը՝ Ժան-Լյուկ Բերտինիի © Flammarion

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Թոռնուհու հուշերը
Story number: 
53
Header image: