Հայգ Դոլաբջյան

Armenian
Intro: 
«Հայրս քչախոս մարդ էր։ Բայց երբեմն պատմում էր իր երիտասարդ տարիների մասին՝ ընթացքում հազիվ զսպելով արցունքները։ Երեխա ժամանակ հասկանում էի, որ կա-չկա՝ մի վատ բան է պատահել»,- Հայգ Դոլաբջյանը հոր կյանքի մանրամասներն է ներկայացնում, որոնց մասին իմացել է շատ տարիներ անց։
Weight: 
-65
Related content: 
Story elements: 
Text: 
«Հայրս քչախոս մարդ էր։ Բայց երբեմն պատմում էր իր երիտասարդ տարիների մասին՝ ընթացքում հազիվ զսպելով արցունքները։ Երեխա ժամանակ հասկանում էի, որ կա-չկա՝ մի վատ բան է պատահել»,- Հայգ Դոլաբջյանը հոր կյանքի մանրամասներն է ներկայացնում, որոնց մասին իմացել է շատ տարիներ անց։
Text: 

Պարգեւ Դոլաբջյանի կյանքն ըստ որդու՝ Հայգ Դոլաբջյանի

Հայգ Դոլաբջյանն ինժեներ է, Մյունխենից ոչ հեռու ղեկավարում է խորհրդատվական փոքր մի ընկերություն։ 60-ն անց, կապուտաչյա այս մարդու մայրենին գերմաներենն է։ Արտաքինից ոչինչ չի մատնում նրա հայկական ծագումը։ Սակայն աչքերի մեջ նույն այն փայլն է, որը շատ հայեր ունենում են ինչ-որ բանի մասին ոգեւորված պատմելիս։ (Հայգ Դոլաբջյանի մասին ավելին կարդացեք այստեղ:) 

Հոր մահից հետո նա գտավ բազմաթիվ կարեւոր նոթեր ու փաստաթղթեր, որոնց օգնությամբ հնարավոր եղավ վերականգնել հոր կյանքի մանրամասները։ «Դոլաբջյանները հարուստ վաճառականների մի մեծ գերդաստան էին։ Հայրս՝ Պարգեւը, ծնվել էր 1904-ին, Կիլիկիայի Կարս-Բազար քաղաքում։ Այդ տարիներին...»

Image: 
Text: 
Պարգեւ Դոլաբջյանը
Այդ տարիներին Օսմանյան կայսրության տարածքում ի հայտ եկավ նոր ուժ՝ Երիտասարդ թուրքերի շարժումը, որն ուղղված էր սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի դաժան տիրապետության դեմ։ Աբդուլ Համիդի կառավարման տարիներին անմարդկային ջարդերի ենթարկված հայությունն իր տարբեր կառույցների միջոցով ակտիվորեն աջակցեց երիտթուրքերին, որոնք հայտարարում էին կառավարման ժողովրդավարական սկզբունքներին եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության գործին իրենց հավատարմության մասին։ Սակայն բոլոր այդ հույսերը շուտով մարեցին։

Ինչպես ամեն տարի, Դոլաբջյաններն իրենց հանգիստն անցկացնում էին Մարաշի գավառում։ Լինելով հարուստ վաճառականներ՝ նրանք գեղեցիկ բակով տուն ունեին։ Չորսամյա Պարգեւին անչափ դուր էր եկել Նուրհակի՝ տեղի ամենաբարձր գագաթի համայնապատկերը. 3000 մ բարձրությամբ այդ լեռը վեհությամբ վեր էր հառնում մնացած բազում լեռների շարքում։

Պարգեւին դուր էին գալիս Մարաշում անցկացրած օրերը, քանի որ այստեղ ավելի զով էր, քան Կարս-Բազարում։ Հորեղբոր ընտանիքի հետ միասին լինելով՝ խաղընկերների պակաս չէր զգում։ 19 եւ 14 տարով նրանից մեծ քույրերը՝ Մարին եւ Օվսաննան, իր եւ իր 9-ամյա քրոջ՝ Ռոզայի կյանքում ամենակարեւոր մարդիկ էին։ Նրանց մայրը՝ Դուդուն, մահացել էր մեկ տարի առաջ։ Հայրը՝ Մովսեսը, հեռատես մարդ էր եւ ջանք չխնայեց, որպեսզի դուստրերը բուժքույրական դասընթացներ անցնեն։ Նրանք աշխատանքի տեղավորվեցին Մարաշի գերմանական հոսպիտալում, որը ղեկավարում էր Մերձավոր Արեւելքի Քրիստոնեական նպաստամատույցը (Christian Relief Organization for the Middle East)։                               

Դոլաբջյանների տանը շարունակ խոսվում էր Անատոլիայի քրիստոնյաների ապագայի մասին։ Ամեն երեկո Մովսեսն իր տուն էր հրավիրում հարեւաններին եւ եղբայրներին՝ Հովսեփին ու Հակոբին, քննարկելու հայերի նկատմամբ պետական բռնաճնշումների հարցը։ Նրանք բոլորը հրաշալի հիշում էին Աբդուլ Համիդի օրոք 1894-1896թթ. տեղի ունեցած կոտորածները, վայրագությունները, թալանը եւ բռնի իսլամացումը։
 

Գերմանացի երկու սպա

Մարաշ, 1915 թ.։ Գերմանական հոսպիտալում Մարին եւ Օվսաննան արցունքն աչքերին շնորհակալություն են հայտնում գերմանացի երկու սպայի, ովքեր փրկեցին նրանց փոքր եղբորը՝ Պարգեւին, անապատում մեռնելուց։

Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով Կոստանդնուպոլսում (ներկայիս՝ Ստամբուլ) եւ կայսրության մյուս քաղաքներում ձերբակալվում են հայ մտավորականության եւ վերնախավի ներկայացուցիչները։ Միեւնույն ժամանակ զինաթափվում եւ դաժանորեն սպանվում է օսմանյան բանակի ամբողջ հայ զինվորականությունը։ 1915թ. մայիսին երիտթուրքական իշխանությունները հրապարակում են տեղահանության մասին օրենքը, որն օրինականացնում էր հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի անապատներ։ Հայաբնակ քաղաքներում՝ Սեբաստիայում (ներկայիս Սիվաս), Էրզրումում, Բիթլիսում, Խարբերդում (ներկայիս Էլազըղ), Դիարբեքիրում, Մարաշում (ներկայիս Քահրամանմարաշ), Այնթապում (ներկայիս Ղազիանթեփ), Զմյուռնիայում (ներկայիս Իզմիր) եւ բազում այլ վայրերում ապրող հարյուր հազարավոր հայերի բռնի ուժով ստիպում են քայլել թուրքական բանակի կայազորների ետեւից դեպի սիրիական անապատ։ Նրանց թվում էր նաեւ Դոլաբջյանների գերդաստանը։

Պարգեւը չէր հեռանում Ռոզայի մոտից, որը, սակայն, մահացավ գաղթի ճանապարհին։ Հայրը մահացավ 52 տարեկանում Դամասկոսի մերձակայքում։ Մովսեսի եղբայր Հակոբն սպանվեց ընտանիքի հետ միասին՝ Եփրատի ու Տիգրիսի միջեւ տեղի ունեցած կոտորածներից մեկի ժամանակ։ Մարին եւ Օվսաննան ջարդից փրկվեցին գերմանացի գործատուի շնորհիվ եւ հետագայում տեղափոխվեցին Ստամբուլ։
 

Դպրոց եւ նոր սկիզբ

Պարգեւին քույրերի մոտ բերելուց հետո ապահովության համար ուղարկեցին Սիրիայում տեղակայված որբանոցներից մեկը։ 1921թ. նա՝ արդեն երիտասարդ, վերադարձավ Ստամբուլ։ Իր հիշողություններից, տեսած մահերից  խորապես ազդված՝ Պարգեւը սկսեց երազել բժիշկ դառնալու մասին։ Շուտով, սակայն, նա կրկին ստիպված եղավ լքել երկիրը` այս անգամ արդեն ընդմիշտ։

«1922թ. դեկտեմբերի 4-ին ես փախա Թուրքիայից, քանի որ կյանքս վտանգված էր։ Դեկտեմբերի 12-ին ինձ Բեռլինում ապաստան տրամադրվեց»,- հետագայում՝ 1953-ին, գրել է նա իր օրագրում։ Այդ ժամանակ նա արդեն հաջողակ բժիշկ էր, եւ պոլսաբնակ իր քույրերի օգնությամբ՝ ուղարկվող միջոցներով, կարողացել էր հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։

Կարճ ժամանակ Բեռլինում ապրելուց հետո, Պարգեւը տեղափոխվում է Ֆրայենվալդեի մերձակայքում ընկած Էխթեն-Հագեն փոքրիկ քաղաքը (մայրաքաղաքից հյուսիս-արեւելք), որտեղ նա ծանոթանում է Դոբելեր ընտանիքին։ Վերջինս ընդունում է նրան, որոնց հետ Պարգեւն ապրում է 1923թ. դեկտեմբերից մինչեւ 1925թ. Զատիկը։
 

Դոբելեր ընտանիքն ու Պարգեւի ջանասիրությունը

Դոբելերների հետ ապրելը Պարգեւին հնարավորություն տվեց կենտրոնանալու գերմաներենը սովորելու եւ ուսումն ավարտելու վրա։ 1929թ. փետրվարին նա հաջողությամբ հանձնեց ավագ դպրոցի ավարտական քննությունները, որոնք նրան թույլ էին տալիս ընդունվել համալսարան։ Դպրոցի վերջին տարիներին նա ապրեց Օթթո եւ Շթոլթե ընտանիքների տանը. երկուսի հետ էլ նա ջերմ հարաբերություններ ստեղծեց ու պահպանեց։ 25 տարեկանում Պարգեւն ընդունվեց Բեռլինի Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի բժշկագիտության բաժին։

 

Image: 
Text: 

Պարգեւ Դոլաբջանյանի ուսանողական տոմսը

Քաղաքացիության առաջին հայցը

1936թ.` թեկնածուական քննությունները հանձնելուց հետո, Պարգեւը քաղաքացիության հայց ներկայացրեց։ Սակայն Գերմանիայի հասարակական մթնոլորտն այնքան էլ նպաստավոր չէր, եւ նրա դիմումը մերժվեց։ Պարգեւը որոշեց սովորել ոչ միայն վիրաբուժություն, այլեւ՝ գինեկոլոգիա։ Միեւնույն ժամանակ նա անվճար բժշկական ծառայություններ էր մատուցում Բեռլինի տարբեր հիվանդանոցներում, իսկ կյանքի համար վաստակում էր՝ կինոմեխանիկ աշխատելով։ «Ազգի թշնամի» լինելու հիմնավորմամբ՝ 1939թ. Պարգեւին առանց զգուշացման հեռացնում են Բեռլինի Գինեկոլոգիայի ուսումնական հիվանդանոցից։

 

Image: 
Text: 
Պարգեւ Դոլաբջանյանը, 1936թ.
 

Քաղաքացիության երկրորդ հայցը

Պարգեւը հույս ուներ, որ Վերմախտի Աֆրիկյան կորպուսում կամավոր գրվելով՝ նա կապացուցի իր հավատարմությունը Ռայխին եւ կվաստակի քաղաքացիության իրավունք։ Նա բժշկական քննություն անցավ եւ պիտանի ճանաչվեց զինծառայության համար։ Քաղաքացիության հայցը, սակայն, կրկին մերժվեց։ Բայց պատերազմի ահագնացմանը զուգահեռ, երբ բժիշկների խիստ կարիք կար, նրան 1940 թ. շուտափույթ զորակոչեցին բանակ։
 

Տուշինի անտառն ու Ալմութ Ֆինքը

Լեհաստանի Լիցմանշթադթ բնակավայրում տեղակայված կանանց հոսպիտալը լեփ-լեցուն էր։ Պարգեւը 1940թ.-ից սկսած աշխատում էր այդտեղ։ Իբրեւ ռազմական ճամբարի բժիշկ՝ նա պատասխանատու էր վերաբնակեցման նպատակով ընտրված ազգությամբ գերմանացիների առողջապահական ծառայության համար եւ մեծ հարգանք էր վայելում տեղում։ Նա նույնիսկ շնորհակալագիր ստացավ գործի նկատմամբ ցուցաբերած նվիրվածության համար։

Այստեղ էլ Պարգեւը սիրահարվեց 22-ամյա բուժքույր Ալմութ Ֆինքին եւ ամուսնացավ նրա հետ։ Անհայրենիք անձի հետ ամուսնանալու պատճառով Ալմութը եւս զրկվեց Գերմանիայի քաղաքացիությունից։ Ապագայի անորոշությունը լուրջ մտահոգություն պատճառեց զույգին առաջիկա ամիսների ընթացքում։

Պարգեւն ու Ալմութը քաղաքացիություն ստացան 1945թ. դեկտեմբերին` Պարգեւին որպես բժիշկ գրանցվելու եւ Վայմարում մասնավոր պրակտիկայով զբաղվելու հնարավորությամբ։ 1948թ. սեպտեմբերին ծնվեց նրանց առաջնեկը՝ Պարգեւ կրտսերը, իսկ երկուսուկես տարի անց՝ երկրորդ զավակը՝ Հայգը։
 

Կրկին փախուստ

Ազգանվան շնորհիվ խորհրդային բանակի հայ սպաներն անմիջապես ճանաչեցին հայրենակցին եւ ընկերացան հետը՝ հընթացս զգուշացնելով նաեւ ԽՍՀՄ Ռազմական վարչության ծրագրերի մասին. բժիշկների սակավության պատճառով Պարգեւին նախատեսում էին փոխադրել Հայգական ԽՍՀ։

1951թ. հոկտեմբերի 10-ին Դոլաբջյանները թողնեցին Վայմարը՝ նպատակ ունենալով քաղաքական ապաստան խնդրել Արեւմտյան Բեռլինում։ Անցակետում Արեւմտյան Բեռլինի ոստիկանությունն առգրավեց նրանց անձնագրերն ու մերժեց Արեւելյան Գերմանիայի իշխանությունների կողմից նրանց շնորհված քաղաքացիությունը։ Դոլաբջյանները կրկին հայտնվեցին անհայրենիք կարգավիճակում՝ չունենալով ոչ մեկին, ում կարելի էր դիմել, եւ ոչ մի տեղ, ուր կարելի կլիներ գնալ։ Երկար քննարկումից հետո նրանք մեկնեցին Համբուրգ՝ այցելելու վաղեմի բարեկամ Շթոլթե ընտանիքին, որը ջերմորեն ընդունեց նրանց։

Տասն օր անց նրանց հայտնեցին, որ Արեւմտյան Գերմանիայի մայրաքաղաք Բոննի Պատերազմի զոհերի, փախստականների եւ տեղահանված անձնանց նախարարությունը ճանաչել է քաղաքական փախստականի նրանց կարգավիճակը եւ վավերացրել գերմանական քաղաքացիությունը։
 

Վերջնական հանգրվանը՝ Փիրմազենս

Փախստականների մի ճամբարից մյուսը տեղափոխվելով՝ Դոլաբջյաններին վերջապես ուղարկեցին Ռայնլանդ-Փֆալց նահանգի Փիրմազենս բնակավայրը։ Նրանք բնակարան գտան, եւ Պարգեւը սկսեց փող հավաքել։ Նա չէր ուզում, որ իր ընտանիքը երբեւիցե նորից ֆինանսական խնդիրներ ունենա։

Բանիմաց մանկաբարձի եւ գինեկոլոգի նրա համբավն արագ տարածում ստացավ։ Նա ընդլայնեց իր գործունեությունը՝ հետեւելով նաեւ, որ երեխաները լավ սովորեն։ Նրանցից նա խիստ կարգապահություն եւ մեծ ջանասիրություն էր պահանջում։ 1956թ. մարտին ծնվեց նրանց երրորդ երեխան։

 
Image: 
Text: 
Պարգեւ Դոլաբջանյանը՝ կնոջ եւ երեք երեխաների հետ
 

Դոլաբջյանները ֆինանսապես կայունացել էին, սակայն Պարգեւի պահպանողական սկզբունքների պատճառով (նա արգելել էր կնոջն ուսուցչություն անել) նրանց ամուսնությունը շուտով սկսեց քայքայվել։ 1968թ. Ալմութն ապահարզանի դիմում տվեց եւ հեռացավ տնից՝ իր հետ տանելով 12-ամյա դստերը։ Արդեն հասակ առած որդիները՝ Պարգեւ կրտսերն ու Հայգը, եւս հեռացան տնից՝ կրթություն ստանալու։ Երկու որդին էլ հետագայում մեծ հաջողությունների հասան իրենց մասնագիտության մեջ։

Յոթնամյա միայնությունից հետո Պարգեւը նոր սեր գտավ եւ իր կյանքի վերջին տարիներն ապրեց նրա հետ։ Վախճանվեց 1999թ. սեպտեմբերի 2-ին՝ 94 տարեկանում՝ այդպես էլ երբեւէ կրկին չտեսնելով իր քույրերին՝ Մարիին եւ Օվսաննային։

Պարգեւն իրենից հետո թողեց երեք երեխա, ութ թոռ եւ փողով լեցուն մի գանձատուփ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա բուժել է բազմաթիվ վիրավորների եւ օգնել շատ կանանց ծննդաբերել՝ նրանց հետ միասին ապրելով նորածնին տեսնելու բերկրանքը։ Արտաքուստ նա զուսպ մարդու տպավորություն էր թողնում, սակայն այդպես էլ երբեւէ չկարողացավ վերագտնել իր ներքին խաղաղությունը։

*Գլխավոր նկարում՝ Պարգեւ Դոլաբջանյանը երեք զավակների՝ Պարգեւի, Հայգի եւ Ալմութի հետ 
 
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Subtitle: 
Հայրս այդպես էլ չկարողացավ վերագտնել իր ներքին խաղաղությունը
Story number: 
23
Header image: