Մեգո Թերզյան
Մկրտիչ Թերզյանը կամ Մեգոն, ինչպես ինքն է իրեն անվանում, հյուրերին խոնարհվելով է ողջունում Médecins sans Frontières (MSF/ԲԱՍ) մարդասիրական բազմազգ կազմակերպության շենքի երկրորդ հարկում գտնվող իր փոքրիկ գրասենյակում։ Նրա ֆրանսերենը մեղեդային է, ու թեպետ առոգանությունը լիբանանյան է, սակայն թեթեւակի երանգավորված է ԲԱՍ-ում գործունեության ընթացքում նրա աշխատած բոլոր վայրերի հնչողությամբ՝ Աֆրիկայից մինչեւ Ասիա։ 2013-ից Մեգոն գլխավորում է այս հասարակական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղը, որը ներառում է շուրջ 32 հազար աշխատակցի՝ ավելի քան 62 երկրում։ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց թոռը բոլորովին չի զգում իր ծագումն ի ցույց դնելու անհրաժեշտություն։
Չդադարող բռնություն
Մեգոյին անվանակոչել են նրա հայրական պապի՝ Մկրտիչի պատվին։ Նրա ազգանունը՝ Թերզյան, թուրքերեն ծագում ունի եւ նշանակում է «կուտյուրյե»՝ կարի անհատական պատվերներ կատարող արհեստավոր: Հենց այդ արհեստով էին զբաղվում նրա նախնիները Ադանայում՝ Կիլիկիայի խոշոր քաղաքներից մեկում, որը գտնվում էր Թուրքիայի ճիշտ հարավում։ «Պապս մետաքս էր վաճառում ու շատ հարուստ էր. նա վաճառակետեր ուներ Լիբանանից մինչեւ Հնդկաստան ընկած ողջ ճանապարհին։ Իրականում, ցեղասպանությունից առաջ հայրս, որն այն ժամանակ դեռ մանուկ էր, իր հոր հետ գնում էր այդտեղ»,- պատմում է նա։
Ադանայի Թերզյանների ընտանիքը հողերի, ֆերմաների եւ ձիերի հսկայական սեփականություն ուներ։ Նրանց հաջողվել է խուսափել Հայոց ցեղասպանությունից՝ Սիրիայի տարածքով անցնելով Լիբանան, շնորհիվ Մեգոյի պապիկի՝ Բեյրութում ունեցած ծանոթությունների։ Ընտանիքը չորս սերունդ շարունակ ապրել է նույն հարկի տակ՝ քաղաքի կենտրոնին մոտ գտնվող Գեմմայզե թաղամասում։ «Հայրս նույնպես դերձակ էր, ընտրել էր նույն մասնագիտությունը, ինչ իր հայրը,- ասում է Մեգոն,- նա Բեյրութի կենտրոնում Բքարա ալ Խուրի փողոցի վրա գտնվող եռահարկ վաճառասրահ ուներ։ Հետո վրա հասավ քաղաքացիական պատերազմը, որը բռնկվեց 1975 թվականին, եւ նա ամեն ինչ կորցրեց. նրա վաճառասրահը հենց առաջնագծում էր»։
Մեգոն հիշում է, թե ինչպես էր 1978-ին, ընդամենը 8 տարեկան, իր շան հետ քայլում դեպի հոր խանութի ավերակները։ «Նա ամեն գնով ուզում էր վերակառուցել այն, սակայն մի քանի ամիս անց պատերազմը նորից սկսվեց ու հերթական անգամ փլուզեց նրա նախագծերը,- պատմում է Մեգոն,- նա հուսալքված էր. գործերը կարգի գցելու բոլոր փորձերը ձախողվեցին։ Մայրս, որը նորմալ պայմաններում չէր աշխատում, սկսեց դասավանդել ճիզվիտական դպրոցում, որը գտնվում էր Բեյրութի արեւելյան թաղամասում՝ Աքրաֆիեհում: Այդտեղ մենք էլ էինք դպրոց հաճախում, իսկ տնօրենը՝ հայր Սահակը, հայ էր»։
Մեգոյի առաջին հաղորդությունը Բեյրութում 1970-ականների կեսին, որին մասնակցում էին նրա ծնողները, քույրն ու եղբայրը |
Մոր կողմից Մեգոյի ընտանիքը ծագում է Ալեքսանդրետի սանջակից (մարզից)՝ սիրիական ափին գտնվող մի տարածքից, որը 1939թ. առանձնացվեց Սիրիայից եւ հանձնվեց Թուրքիային։ Նրա պապն ու տատը, ինչպես սանջակի հայերի մեծամասնությունը, փախան Սիրիա ու բնակություն հաստատեցին Դամասկոսում, որտեղ Մեգոյի մայրական պապը՝ Կարապետ Սումունջյանը, դարձավ խոհարար։
Մասնագիտության ընտրություն՝ ռումբերի ազդեցությամբ
Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ռմբակոծությունները դաջվել են Մեգոյի հիշողության մեջ եւ նորից ու նորից վերադարձել ԲԱՍ-ում աշխատելու ողջ ընթացքում։ Մեգոն, նրա քույր Մարալն ու եղբայր Արան իրենց դպրոցական տարիներն անցկացրել են բաժանարար գծին շատ մոտ, որտեղ ռումբերը որոտում էին գործնականում ամեն գիշեր։ Նրանք մի քանի անգամ ստիպված են եղել Բեյրութը լքել ձմեռվա կեսին՝ ապաստան գտնելու սարերում, որտեղ ընտանիքն ամռան ամիսներին ամառանոց էր վարձում։ «Մենք ֆուտբոլ էինք խաղում փոքրիկ մի տարածքում՝ մեծ շինության (Բուրջ էլ Մուրր աշտարակի) դիմաց: Այդ աշտարակից ինչ-որ դիպուկահար էր կրակում, որ վախեցնի մեզ։ Մենք թաքնվում էինք, ծիծաղում ու շարունակում խաղալ։ Սակայն մի օր նա նռնակ նետեց, ու մեր ընկերներից մեկը՝ շատ սիրունիկ մի աղջիկ, վիրավորվեց՝ կորցնելով աչքը»,- հիշում է նա։
«Ես պատկանում եմ պատերազմը մոտիկից տեսած մարդկանց սերնդին»,- ասում է Մեգոն։
Երեք երեխաներից ավագը՝ Մեգոն, գրանցվեց ուսանելու Լիբանանյան համալսարանի բժշկական բաժնում։ 1980-ականների վերջին Լիբանանի մեծ մասը սիրիական օկուպացիայի տակ էր, եւ լիբանանյան գեներալ Միշել Աունի՝ ազատագրական պատերազմի կոչը գրավեց Թերզյանին։
Մարտական գործողություններն սկսվեցին 1989թ. եւ արագորեն զարգացան հօգուտ Սիրիայի։ Թերզյանի ծնողները, մտավախություն ունենալով, որ իրենց տղային կարող են ձերբակալել, որոշեցին նրան ուսումն ավարտելու համար Երեւանի համալսարան ուղարկել։ Այդ ժամանակ Հայաստանը դեռ խորհրդային իշխանության տակ էր, սակայն արդեն մտնում էր անցումային փուլ, որը երկու տարի անց երկրին անկախություն պետք է բերեր։ «Այդ ամբողջ ժամանակ ես միշտ իրադարձությունների ներսում էի: Կարող եմ հիշել մութ տարիները, էլեկտրականության բացակայությունը, ցուրտը»,- ասում է նա։
Թեպետ Թերզյանն ակտիվ չի եղել Ղարաբաղյան շարժման ընթացքում, սակայն Լիբանանից մի քանի հայազգի ընկեր ուներ՝ իր համակուրսեցիները, որոնք առաջին գիծ մեկնեցին՝ կռվելու ադրբեջանցիների դեմ։ «Երբ ընկերներս առաջին գծից վերադարձան կարճաժամկետ արձակուրդի, մենք հավաքվեցինք ղարաբաղյան իրավիճակը քննարկելու»,- հիշում է նա։
Հետո եկավ 1994 թվականը։ Մայիսին ստորագրվեց հայերի ու ադրբեջանցիների միջեւ հրադադարը։ Թերզյանը Բժշկական համալսարանի չորրորդ կուրսում էր, երբ ԲԱՍ-ից մի ֆրանսիացի բժիշկ նրան խնդրեց միանալ Ղարաբաղում թարգմանչական առաքելություններին։ Նա անմիջապես օգտվեց այդ հնարավորությունից. «Իմ լիբանանյան անձնագրով շատ բարդ էր Ղարաբաղ գնալը, այնպես որ՝ օգտվեցի այդ մարդասիրական առաքելության հնարավորությունից, որ մեկնեմ այնտեղ։ Ես բժշկական արձանագրությունների ուղեցույցներ էի թարգմանում Ղարաբաղի բժիշկների համար. մենք շատ մեծ քանակությամբ դեղեր բաժանեցինք, բացատրեցինք դրանց օգտագործման եղանակները, բայց ոչ այնքան բացատրում էինք, որքան հաշվում։ Հետադարձ հայացք նետելով՝ հասկանում եմ, թե որքան են զարգացել մեր աշխատանքային մեթոդներն այդ ժամանակից ի վեր»։
Թերզյանը կարոտով է հիշում Ղարաբաղի հեռավոր գյուղերում անցկացրած օրերը, երբ պատերազմը դեռ նոր էր ավարտվել։ «Առավոտյան ժամը 9-ից սկսած այցելում էինք գյուղացիներին ու ամբողջ օրը մնում նրանց հետ. այնտեղ սուրճ ու կոնյակ էին հյուրասիրում ու ողջույնի կենացներ ասում՝ մեկը մյուսի հետեւից»։
Մեգոն, ի վերջո, ամուսնացավ երեւանաբնակ մի հայուհու հետ ու մանկաբուժության գծով գիտական աստիճան ստացավ։ Նա որպես բժիշկ աշխատեց Երեւանի ծայրամասում՝ Էրեբունիի մոտ գտնվող Արեշի մանկական հիվանդանոցում։ Միաժամանակ նա բժշկությամբ էր զբաղվում փողոցային երեխաների մասին հոգացող մի հաստատությունում։ «Պայմանները սարսափելի էին։ ԲԱՍ-ի շնորհիվ մեզ հաջողվեց դյուրին դարձնել սոցիալական օգնության տրամադրումը եւ այդ երեխաներին հասարակությանը վերաինտեգրվելու հնարավորություն տալ»,- ասում է նա։
Գործունեությունն Աֆղանստանում |
Գործին անմնացորդ նվիրված
Մեգոյի սովորությունը՝ սեփական գրպանից վճարելու այն դեղերի համար, որոնք չքավոր մայրերի համար անհասանելի էին, հիվանդանոցում նրա եւ ղեկավարի միջեւ հարաբերությունների լարման պատճառ դարձավ։ Նա կանգնած էր գործազրկության շեմին, երբ ԲԱՍ-ի օտարերկրյա մի աշխատակից նրան առաջարկեց առաքելության կազմում մեկնել Սիերա Լեոնե։ «Ես կարծում էի, թե ընդամենը մի քանի ամսով եմ մեկնելու՝ մինչեւ լարվածությունը թուլանա»,- հիշում է նա։
Արեւմտյան Աֆրիկայի այս՝ քաղաքացիական պատերազմից ավերված երկրում, նա օրուգիշեր աշխատեց՝ փրկելով կյանքեր։ Մարդասիրական աշխատանքը նրա իսկական կոչումն էր։
Երկրորդ առաքելությամբ նա մեկնեց Տաջիկստանին հարող Աֆղանստանի հեռավոր հյուսիսային մի շրջան։ Այդ առաքելությունը տեւեց ութ ամիս, իսկ նա արեւմուտքի միակ ներկայացուցիչն էր։ Նրան հաջողվել է միայնակ «չափչփել» վայրի այդ տարածքը՝ իր ամենագնաց մեքենայի ղեկին։ «Դրանով անկաշկանդ չէի, այնպես որ՝ իմ քառանիվ փոխադրամիջոցը փոխանակեցի ձիու հետ ու ապրում էի, ինչպես միջնադարում»,- հիշում է նա։
Կարճ ժամանակով Երեւան վերադառնալուց հետո, նա մեկը մյուսի հետեւից ստանձնեց արտակարգ իրավիճակների առաքելություններ: Պատերազմական գոտիներ, աղետի գոտիներ, պարենային ճգնաժամեր՝ նման իրավիճակը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում սովորական առօրյա էր։ Նա մանկաբուժական ծառայության ղեկավարն էր Նիգերիայում, Լիբերիայում, Կոտ դ՛Իվուարում, Պակիստանում եւ Իրանում։
Հայկական ծագմամբ պրագմատիկ այս լիբանանցի պոլիգլոտը շատ արագ է ընտելանում իրավիճակին։ 2010-ին նա ԲԱՍ-ում ստանձնեց արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի առանցքային պաշտոնը, որում շարունակում էր վերադասներին զարմացնել իր խիզախությամբ ու առաքելությունները հաջողությամբ պսակելու կարողությամբ։ Եվ իսկապես, հենց Թերզյանն էր Սիրիայում ընդհատակյա հոսպիտալներ բացում, երբ պատերազմն առաջին անգամ բռնկվեց։ «Ես շատ հայ ազգայնականներից ու պատրիոտներից տարբեր եմ, սակայն դա չի նշանակում, թե ինձ հետաքրքիր չէ Հայաստանը, եւ ես չեմ հպարտանում արմատներովս»,- ասում է նա։
Մեգո Թերզյանը |
Սիրիացի փախստականների ներկայիս զանգվածային արտագաղթը դեպի Եվրոպա նրա համար ցավոտ հարց է. «Դա ինձ զայրացնում է, իմ ուղեղում չի տեղավորվում։ Ինքս ինձ մտածում եմ՝ լավ է, որ լուսահոգի հայրս չտեսավ նրանց. նա, որ իդեալականացրել է Ֆրանսիան։ Ես անկարող եմ հասկանալ՝ ինչու այդ նույն ֆրանսիացիները, որ հարյուր տարի առաջ նախնիներիս փրկեցին Մուսալեռում, այսօր իրենց այսպես են դրսեւորում»։
Այդուհանդերձ, Մեգոն կարողանում է օբյեկտիվ մնալ, երբ գործը հասնում է իր աշխատանքին. «Ժամանակի հետ մեր կազմակերպությունը դարձավ շատ արհեստավարժ, իսկ բուժօգնության որակը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Մենք մասնագիտացված վիրահատություններ ենք անում բոլոր այն վայրերում, որտեղ առաքելություններ ունենք։ ԲԱՍ-ն ընդլայնվել ու միջազգայնացել է իմ աչքի առջեւ: Հատկապես մեր մասնաճյուղը՝ ԲԱՍ-Ֆրանսիան, որը միշտ առջեւում է։ Դրա ապացույցն է այն, որ առաջին անգամ նրանք նախագահ ընտրեցին ոչ ֆրանսիացու»։
Որքան էլ անվեհեր՝ Մեգո Թերզյանը բնույթով զուսպ է. մարդ, որին պետք չէ փառք ու պատիվ։ Նա հավատում է, որ ԲԱՍ կենտրոնական գրասենյակում իր մշտական առաքելության հիմնաքարը նվիրվածությունն է։ Նա համեստորեն պնդում է, որ «ամեն օր է սովորում իր մասնագիտությունը», սակայն արդեն գիտակցել է իր աշխատակիցներին յուրաքանչյուր նոր առաքելության ընթացքում ուղեկցելու կարեւորությունը։ Գուցե չգիտակցելով՝ Թերզյանը մարդկայնության այն լավագույն դրսեւորումների կրողն է, որի կարիքն աշխարհը վաղուց ունի:
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: