Լուի Դարտիժ դյու Ֆուրնե
Դարտիժը չէր կարող պատկերացնել, թե իր ղեկավար պաշտոնյաներն ինչպես կարձագանքեն իր հրահանգներին, սակայն չսպասեց՝ պարզելու դա։ Նրան քաջ ծանոթ էր, թե ինչպիսի բյուրոկրատական մղձավանջ է ենթադրում նման հակամարտությանը միջամտելը, սակայն շատ քիչ ժամանակ ուներ։
Պատմությունն սկսվեց 1915 թվականի ամռանը, երբ Սուեդիայի (Սվեդիայի) վեց հայաբնակ գյուղերի՝ Հաջի Հաբիբլիի, Քեբուսիեի, Վագըֆի, Խդրբեկի, Յողունօլուքի եւ Բիթիասի խորհուրդը չենթարկվեց տեղահանության օսմանյան հրամաններին։ Հուլիսի 30-ին հայ բնակչության որոշ մասը ենթարկվեց օսմանյան հրահանգներին՝ ի վերջո սպանվելով դեպի Սիրիայի անապատներ մահվան երթերի ժամանակ։ Մյուսները՝ 5 հազարից ավելի հայերից կազմված մի խումբ, լքեցին իրենց տներն ու ապաստանեցին Մուսա լեռան ստորոտներին՝ Անտիոքի ծոցի հյուսիսային ծայրին։ Այնտեղ նրանք քաջարի ռազմական դիմադրություն ցույց տվեցին օսմանյան ուժերին։
5000 հայերից միայն 600 մարտիկ զենք ուներ։ Սակայն նրանք վճռականորեն էին տրամադրված եւ շատ կարգապահ էին։
Նրանք ժամանակավոր պատնեշներ կառուցեցին լեռան ստորոտի շուրջը։ Սկզբում հայ մարտիկները հերոսաբար էին դիմադրում, սակայն սննդի ու զինամթերքի պարագաների նվազող պաշարներն արագորեն վատթարացրին իրավիճակը։
Փորձելով գրավել դաշնակից ռազմանավերի անձնակազմերի ուշադրությունը՝ մարտիկներն անկողնային սավաններից պատրաստված երկու դրոշ են բարձրացնում, որոնք պետք է տեսանելի լինեին ծովից։ Դրոշներից մեկի վրա կարմիր խաչ կար, մյուսի վրա՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը։ Նրանք դրոշների շուրջը նաեւ խարույկներ էին վառել՝ հուսալով ուշադրություն գրավել։
Մուսա լեռան ինքնապաշտպանությունը վերապրածները՝ ֆրանսիական նավատորմի կողմից նկատված դրոշներից մեկի հետ, «The Graphic», նոյեմբերի 13, 1915թ. |
Սեպտեմբերի 5-ին՝ գրեթե մեկ ամիս շարունակված ինքնապաշտպանական մարտերից հետո, ֆրանսիական «Գիշեն» հածանավի անձնակազմը նկատեց ազդանշանները։ Դիմադրության մասնակիցներից Պետրոս Տմլաքյանը նավ բարձրացավ եւ խոսեց անմիջապես ֆրանսիական հրամանատարության հետ։ Ֆրանսիացիները մեկնեցին՝ խոստանալով օգնություն բերել։
Ինչպես փոխծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն գրել է իր օրագրում 1915 թվականի սեպտեմբերի 6-ին, ինքը, «այս ամենի մասին հաղորդող հեռագիր ստանալով», անմիջապես այդ ուղղությամբ է նավարկել «Ժաննա դ՛Արկ»-ով։ Հաջորդ օրը «Ժաննա դ՛Արկ» ռազմանավը հետախուզական առաքելությամբ մոտենում է ափին։ Տիգրան Անդրեասյանը՝ հայկական կողմի առաջնորդներից մեկը, նավ է բարձրանում ու խնդրում, որ գոնե քաղաքացիական անձինք՝ կանայք, երեխաներն ու ծերերը, տարհանվեն։ Նրան եւս մեկ անգամ խոստանում են, որ ֆրանսիական ռազմածովային նավատորմն օգնության կհասնի։
«Ես հասկացա, որ մենք պետք է օգնենք այս թշվառ մարդկանց»,- իր օրագրում գրում է դյու Ֆուրնեն։ Նա շտապ հեռագիր է ուղարկում բարձր հրամանատարությանը, սակայն ծայրահեղ մտահոգված էր Ֆրանսիայում բարդ բյուրոկրատական ընթացակարգով։
Վտանգելով սեփական կարիերան՝ նա հրամայում է իր տրամադրության տակ գտնվող բոլոր հածանավերն ուղարկել Մուսա լեռ ու անմիջապես սկսել մարդկանց տարհանումը։
Իր իսկ խոսքով՝ «Ժամանակը սուղ էր, եւ ինչ էլ որ նրանք [բարձր հրամանատարությունը] մեզ հրամայեին, անհրաժեշտ էր տարհանել բոլոր այդ մարդկանց»։
Լուի Դարտիժ դյու Ֆուրնե |
Փոխծովակալը նաեւ կապ է հաստատում Կիպրոսում եւ Եգիպտոսում բրիտանական իշխանությունների հետ՝ խնդրելով ապաստան տրամադրել փախստականներին։ Նրա խնդրանքն սկզբում մերժվում է, սակայն շուտով նրան հաջողվում է դաշնակիցներին համոզել Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգստում փախստականների ճամբար հիմնել՝ առանց իր բարձր հրամանատարության համաձայնությունն ստանալու։
915 թվականի սեպտեմբերի 10-ին՝ դիմադրության 41-րդ օրը, ֆրանսիական երկու ռազմանավեր սկսեցին ռմբակոծել Մուսա լեռան շուրջը տեղակայված օսմանյան դիրքերը։ Սեպտեմբերի 12-ին ֆրանսիական հինգ հածանավեր՝ « Գիշեն» (Guichen), «Ամիրալ Շարնե» (Amiral Charner), «Դեզեքս» (Desaix), «Ֆուդր» (Foudre) եւ «դ՛Էստրե» (D'Estrées), մոտեցան ափին, խարիսխ գցեցին ու նավակներ իջեցրին։ Երեք օր տեւած փրկարարական գործողությունները համակարգում էր Տիրան Թեքեյանը՝ «Դեզեքսի» հայազգի սպան։ Տարհանվեցին առաջին հերթին կանայք, երեխաներն ու ծերերը, այնուհետեւ՝ զինված ուժերը։
Փրկվածների ընդհանուր թիվը 4058 էր։ Այդ թվում՝ 1563 երեխա, որոնցից մի քանիսը հենց այդ օրերին էին ծնվել։
Նավի վրա ծնված մի քանի երեխաների անվանեցին Գիշեն՝ ի պատիվ առաջին հածանավի, որի անձնակազմը նկատել էր Մուսա լեռան ազդանշանները։
«Նրանց մեջ կային սրբիչներով փաթաթված խեղճ փոքր նորածիններ։ Մուսալեռցի երեխաները ձեռքից ձեռք էին փոխանցվում ալիքների շառաչյունի ներքո։ Նրանք հատեցին ջրերն ու երբեք չեն իմանա, թե իրականում իրենց ինչպիսի՛ վտանգից է հաջողվել փրկվել»,- գրել է դյու Ֆուրնեն իր օրագրում։
Մուսա լեռան փախստականները բարձրանում են ֆրանսիական նավեր |
Երբ փախստականները հասան Եգիպտոս, նրանց ապաստան, սնունդ տրամադրեցին, առողջապահությունից ու դպրոցներից օգտվելու հնարավորություն տվեցին, ինչպես կարգադրել էր Դարտիժը։
Տարհանումից երեք ամիս անց Դարտիժն իր նախնական հեռագրի պատասխանն ստացավ։ Այն ֆրանսերենով գրված միայն մեկ նախադասություն էր պարունակում. «Ou se trouve mont Moise?» («Իսկ որտե՞ղ է գտնվում Մուսա լեռը»)։ Սա ապացուցեց, որ եթե Դարտիժը որոշեր հետեւել ռազմական ընթացակարգերին ու սպասել հրահանգների, մեկ փախստական անգամ չէր փրկվի։
1915 թվականի հոկտեմբերի10-ին Ֆուրնեն նշանակվում է Միջերկրական ծովում դաշնակցային զինուժի հրամանատար։ 1916-ի դեկտեմբերին, երբ ֆրանսիացի զինվորները Աթենքի մոտ պաշարման մեջ են ընկնում, Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին պաշտոնազրկում են։ Նա այդպես էլ երեխաներ չունեցավ եւ պաշտոնանկությունից հետո ամուսնացավ մի այրի կնոջ հետ։ Ապրեց Սան Շամասիի մոտ գտնվող մի փոքրիկ վիլլայում՝ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում։ Դյու Ֆուրնեն մահացավ 1940 թվականին ու հուղարկավորվեց Սան Շամասիում։ Նրա մահվան ժամանակ ու դրանից հետո դեռ երկար տասնամյակներ Ֆրանսիայի բնակչությունը ոչինչ չգիտեր նրա փրկարարական ջանքերի մասին։
Այնուամենայնիվ, 2010-ին Թովմաս Այնթաբյանը՝ Մուսա լեռան հերոսամարտը վերապրածներից մեկի ժառանգը, փոխծովակալի կյանքի վերաբերյալ հետաքննություն է կատարում եւ հայտնաբերում նրա հայրենի քաղաքի գտնվելու վայրը, ինչպես նաեւ՝ նրա գերեզմանը։ Այնթաբյանը կապ է հաստատում Սան Շամասիի տեղական իշխանությունների հետ՝ հաջողելով կազմակերպել համատեղ արարողություն ի հիշատակ նախնիների փրկչի։ Դարտիժ դյու Ֆուրնեի պատմությունը տարածվում է Ֆրանսիայի ողջ տարածքով՝ արարողությունը լուսաբանվում է Ֆրանսիայի հեռուստատեսային ալիքների եւ թերթերի մեծամասնության կողմից։ Գերեզմանի վրա տեղադրվում է մարմարե դրոշի քանդակ, որը խորհրդանշում է որպես ազդանշան ազատամարտիկների ծածանած դրոշը։
Դարտիժի շիրիմն ուխտատեղի է դարձել թե՛ հայերի, թե՛ ֆրանսիացիների համար, որոնք հարգանքի տուրք են մատուցում այնքան շատ բան վտանգած ու այնքան շատերին փրկած մարդուն։
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:
Գլխավոր լուսանկարը՝ Մուսա լեռան դեպքերը վերապրածները տարիներ անց ՝ իրենց փրկած դրոշներից մեկով