Վարդգես Կնաջյան
Հայերի կենսագրությունները տարբերվում են մյուսներից տարագրությամբ. չափազանց տարածված է մշտապես մի վայրից մյուսը տեղափոխվելը։ Դրանց մի մասն էկզոտիկ է, սակայն այն վայրերը, որտեղ Կնաջյաններն են եղել, իսկապես անսպասելի են. նրանք ապրել են Ջիբութիում, Ադիս Աբեբայում եւ Անտանանարիվուում, ու սա դեռ ամբողջ ցանկը չէ։
Կնաջյանների երեք սերունդ ապրել ու աշխատել է Եթովպիայում, այնպես որ նրանց, ըստ էության, կարելի է համարել սպիտակամորթ աֆրիկացիներ։ «Առավել եւս, որ Եթովպիայի ու Հայաստանի հարաբերությունները գալիս են դեռ հնագույն ժամանակներից»,- ասում է Վարդգեսը։
Կնաջյանները մկրտության օրը. Ադիս Աբեբա, 1924թ. |
1896-ին Եթովպիայի կայսր Մենելիք II-ի զորքերը Ադվայի ճակատամարտում պարտության մատնեցին Իտալիայի գաղութային բանակը։ Հաղթանակը պահպանելու ու երկիրը զարգացնելու նպատակով կայսրը պետական առեւտրի եւ գործարարության մեծ մասը վստահեց հայերին, որոնց նաեւ խրախուսում էր բնակություն հաստատել իր երկրում։ Հայերի նկատմամբ հալածանքների առաջին ալիքը շուտով պատեց ողջ Օսմանյան կայսրությունը՝ ստիպելով մի քանի հազար հայերի ականջալուր լինել կայսեր կոչին ու տեղափոխվել Ադիս Աբեբա։
Վարդգեսի տատիկ Մերում Ավագյանը (կենտրոնում նստած) 1912-ին ամուսնանալու նպատակով ուղեւորվել էր Ջիբութի՝ Եթովպիայի լեռներ։ Նրան ջերմորեն ընդունեց Կնաջյանների ընտանիքը, այդ թվում՝ նրա ապագա ամուսին Նազարեթը (նստած, աջից երկրորդը)։ |
Ժամանակի ընթացքում այդ գաղթականներից շատերն այնպես արեցին, որ ընտանիքները միանան իրենց, կամ էլ հարսնացուի հետեւից մարդ էին ուղարկում իրենց հայրենի քաղաքներ։ Ահա թե ինչպես Վարդգեսի պապը՝ Նազարեթ Կնաջյանը, որն ատաղձագործ էր հարավարեւելյան Անատոլիայում՝ Այնթապում (ներկայումս՝ Գազիանթեպ), ժամանեց Եթովպիայի մայրաքաղաք։ Ու թեեւ նա պարզապես ուղեկցում էր քրոջը, որը պետք է ամուսնանար մի հայ երիտասարդի հետ, սակայն միաժամանակ որոշեց մնալ երկրում։ Ի վերջո նա բացեց «Նազարեթի սրճարանը», որը հանդիպման վայր դարձավ բոլոր նրանց համար, ովքեր հարում էին Ռամկավար ազատական կուսակցությանը։ Նազարեթին շուտով հետեւեց նրա եղբայրներից մեկը, որը մտադիր էր ամուսնանալ Այնթապից Մերում Ավագյանի հետ։ Սակայն քանի որ նա մահացավ այն ժամանակ, երբ հարսնացուն ուղեւորվել էր իրեն հանդիպելու, օրիորդն, ի վերջո, փոխարենն ամուսնացավ Նազարեթի հետ։
Անդրանիկ Կնաջյանն այս գլուխգործոցն ստեղծել է 1940թ. Ժամագործական արվեստի դպրոցի իր ավարտական քննության համար։ Ժամացույցը նվիրված է հորը՝ Նազարեթին։ |
Այսպիսով՝ Վարդգեսի հայր Անդրանիկը ծնվել է 1915-ին Ադիս Աբեբայում։
«Նա արհեստը սովորել է տեղի ժամագործի մոտ, մինչդեռ իրական ձգտումն այն ժամանակ բժիշկ դառնալն էր։ 19 տարեկանում հնարավորություն ստացավ ընդունվելու Փարիզի հայկական դպրոցը։ Դասընկերներից մեկն ամառային արձակուրդին նրան հրավիրեց Ժնեւ, իսկ երիտասարդի հայրը համոզեց նրան մասնագիտական կրթությունը շարունակել քաղաքի Ժամագործական արվեստի դպրոցում, որը նա ավարտեց 1940-ին՝ վարպետ ժամագործի որակավորմամբ»,- պատմում է Վարդգեսը։
Քանի որ Եթովպիան դարձավ իտալական գաղութ, Անդրանիկին իտալական անձնագիր տրվեց։ Մեկ տարի անց նա մեկնեց Ջիբութի՝ պատերազմի ամենաթեժ պահին տեսնելու իր հորը, որին Եթովպիայի գաղութային իշխանությունը վտարել էր միապետականներին համակրելու համար։ Բրիտանական շրջափակման պատճառով ֆրանսիացիները պատրաստվում էին սպիտակամորթ բնակչությանը Ջիբութիից տեղափոխել այլ գաղութներ։ Սակայն հոր փոխարեն Մադագասկար մեկնեց Անդրանիկը, որ Նազարեթը կարողանար գաղտնի վերադառնալ Ադիս Աբեբա։
«Արդեն նավի վրա նա սկսեց մյուս ուղեւորների ժամացույցները վերանորոգել,- ասում է Վարդգեսը ժպտալով,- ի բարեբախտություն իրեն՝ ժամագործության լավն այն է, որ ժամացույցները վերանորոգման կարիք ունեն ամենուր ու ցանկացած պահի։ Անտանանարիվուում հայտնվելուն պես նա դիմեց առաջին պատահած ժամագործին։ Վերջինիս հավատը չէր գալիս, որ բախտն այդպես բերել է՝ այդքան պատրաստված մասնագետ գտնելով, ու առանց մտածելու աշխատանքի ընդունեց նրան»։ Կղզու վրա անցկացրած երկու տարիներն Անդրանիկը ողջ կյանքում համարել է իր ամենաերջանիկ ժամանակը։ Հետաքրքիր է, որ Երեւանն առայսօր գործընկերային կապ է պահպանում Անտանանարիվուի հետ։
Խմբանկար առանց տղամարդկանց, 1897 թվական. Մարաշում բնակվող Ամիրալյանների ընտանիքը, հիմնականում՝ 1895-ի ջարդերը վերապրած կանայք եւ երեխաներ։ Օսաննան՝ Ֆրիդա Կնաջյանի մայրը, առջեւի շարքի կենտրոնում է։ |
Կայսերական ժամագործ
1950-ին Անդրանիկն սկսեց իր համար կին փնտրել։ Ինչ-որ պահի տեսավ մի օրիորդի, որին նկատել ու հավանել էր Բեյրութում իր հյուրանոցին կից գտնվող շենքում։ Կարճ ժամանակ անց ամուսնացավ նրա հետ եւ իր հետ բերեց Ադիս Աբեբա։
Ֆրիդա Հելվաջյանը ծնվել է Երուսաղեմում 1929-ին։ Նրա ծնողները երկուսն էլ որբացել էին 1895-ի համիդյան ջարդերի ընթացքում։ Նրա մայրը՝ Օսաննան, Մարաշից էր, որտեղ նրան հաջողվեց վայրագություններից փրկվել՝ գերմանական հիվանդանոցի եւ ամերիկացի միսիոներների օգնությամբ։ Պատերազմից հետո նա իր եղբոր հետ տեղափոխվեց Պաղեստին, որտեղ վերջինս Ակկո քաղաքում մի դեղատուն բացեց։ Նրա հայրը՝ Արթինը, մեծացել էր Շնելլերի դպրոցում, որ գերմանական մի մանկատուն էր Երուսաղեմում։ Նա դժվարանում էր հայերեն խոսել եւ Օսաննայի հետ հաղորդակցվում էր թուրքերենով, իսկ Ֆրիդայի հետ՝ արաբերեն։
Ֆրիդա Կնաջյանը ծնողների՝ Արթին եւ Օսաննա Հելվաջյանների հետ Պաղեստինում, 1946թ. |
1947-ի վերջին սկսվում է արաբա-իսրայելական պատերազմը, եւ ընտանիքը մեքենայով փախչում է Բեյրութ։ Իրենց հետ վերցրել էին միայն որոշ անձնական պարագաներ ու պարսկական գորգեր, որոնք փրկեցին նրանց կյանքը, երբ կրակում էին մեքենայի ուղղությամբ։ Բեյրութում Ֆրիդան դարձավ մանկապարտեզի դաստիարակ, սակայն Անդրանիկի հետ ամուսնանալուց ու Եթովպիա տեղափոխվելուց հետո թողեց աշխատանքը։
Վարդգես Կնաջյանի մկրտությունը Ադիս Աբեբայի հայկական եկեղեցում |
Ոչինչ հավերժ չէ
Վարդգեսը ծնվել է 1955-ին Ադիս Աբեբայում։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկում է Բաթ քաղաքում գտնվող անգլիական գիշերօթիկ դպրոց (այս քաղաքում էր անցել Հայլե Սելասիեի աքսորը 1930-ականների վերջին)։ Ավարտելուն պես Վարդգեսը սովորում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում, որպեսզի ստանձնի հոր բիզնեսը։ «Մեռնելու չափ ուզում էի վերադառնալ Եթովպիա. այնքան էինք սիրել այն»,- պատմում է նա։
Երբ կոմունիստները գրավեցին իշխանությունը, ընտանիքն, այնուամենայնիվ, զրկվեց ունեցվածքից։ Վարդգեսի ծնողները տեղափոխվեցին Տորոնտո, որտեղ Անդրանիկը հազիվ ծայրը ծայրին էր հասցնում հանրախանութում որպես «ժամացույցի բժիշկ» աշխատելով։ «Նա իրեն տղամարդու պես պահեց»,- հիշում է նրա որդին։
«Իմ նախատատն իր ամբողջ ունեցվածքը կորցրեց Օսմանյան կայսրությունում, տատս իր ունեցվածքը կորցրեց Պաղեստինում, իսկ մայրս իրենը՝ Եթովպիայում։ Երբեմն նախանձում եմ նրանց, ովքեր ծնվել են այնպիսի վայրում, որտեղ նրանց ընտանիքներն ապրել են սերունդներ շարունակ եւ դեռ շատ երկար կապրեն, այն մարդկանց, որոնք կարիք չունեն ամեն ինչ նորից ու նորից սկսելու»,- ասում է Վարդգեսը։
Անդրանիկ Կնաջյանը Հայլե Սելասիեի հետ. 1955թ. |
Վարդգեսի կապերը Եթովպիայի հետ, սակայն, մի վերջին անգամ էլ արժեւորվեցին։ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի թոռը Վարդգեսին ծանոթացրեց ադամանդի առեւտրով զբաղվող մի մարդու հետ, որը գերմանական Հանաու քաղաքում 1789-ին հիմնված աշխարհի հնագույն ադամանդագործական Backes & Strauss ընկերության սեփականատերն էր։ «Ադամանդի առեւտուրը ղեկավարվում է սեփական կանոններով, դրա անդամները վստահում են միմյանց, որովհետեւ նրանց հայրերի ու պապերի համար միասին բիզնես անելն արտառոց երեւույթ չէր»,- ասում է Վարդգեսը։
Վարդգես Կնաջյանը Backes & Strauss ընկերությանը միացավ 1976-ին՝ որպես փորձնակ, իսկ 2000 թվականին դարձավ դրա գլխավոր գործադիր տնօրենը։ Երեք տարի անց գնեց ընկերությունը։ Այսօր այն հիմնականում արտադրում է բարձր դասի ադամանդակուռ ժամացույցներ, որոնք հաստատ դուր կգային Հայլե Սելասիեին։ Ընկերությունը գլխամասային գրասենյակներ ունի Ժնեւում եւ Լոնդոնում, իսկ Վարդգեսը շարունակում է զբաղվել այն մասնագիտությամբ, որում ժամանակին իր հայրն էր վարպետացել։ Որպես Հայ ոսկերիչների միության (AJA) համահիմնադիր՝ նա օգնում է Երեւանում ադամանդի բիզնեսն ամրապնդելուն։ Որպես հայ՝ նա զգայուն է պատմության հանդեպ եւ վճռորոշ նշանակություն է տալիս շարունակականությանն ու իր ընկերության իմիջին։ Այս դեպքում պատմությունն ինքնին չափազանց արժեքավոր է։