Սոնա Մանուկյան
Ընթերցողի պատմություն. Սոնա Մանուկյանը գրել է իրենց ընտանիքի պատմությունը
Մանկությունս անցել է հիմնականում տատիկիս ու պապիկիս տանը, ինձ ասում էին՝ Սոնա բալիկ, սիրուն բալիկ: Միշտ զբոսնում էինք միասին եւ լուսանկարվում մեր սիրելի այգում: Պապս շատ կիրթ մարդ էր, միշտ ուղղում էր մեզ, երբ մի օտար բառ էինք օգտագործում: Շատ կազմակերպված էր, առավոտից երեկո իր անելիքը գիտեր, եւ չէր շեղվում օրակարգից. առավոտից զբոսանք, մարզանք, ընթերցանություն, հոգեւոր երաժշտություն՝ հոբբիները փոխարինում էին մեկը մյուսին:
Սոնա Մանուկյանը՝ պապիկի՝ Հմայակի գրկում |
Շատ խիստ էր, հազվադեպ էր ձայնը բարձրացնում, բայց այդ դեպքում բոլորս քարանում էինք: Տոնական օրերին հավաքվում էինք պապիկիս տանը, հարսները եւ երեխաները սեղան գցելով էին զբաղված, իսկ տղամարդիկ շախմատ էին խաղում: Ափսոս, փոքր էի, չէի հասկանում, որ շատ հարցեր պիտի տամ, ու շատ բան իմանամ իր մասին, իր անցյալի, ընտանիքի` արմատներիս մասին: Հիմա փորձում եմ վերականգնել բացթողումս, որ ավելի շատ չմոռացվի:
Սոնա Մանուկյանի պապիկը՝ Հմայակ Մանուկյանը |
Պապս՝ Հմայակ Սիսակի Մանուկյանը, ծնվել է 1916 ապրիլի 16-ին Հին Բայազեթում: Մանուկյանների բազմանդամ ընտանիքը Հին Բայազեթի ազդեցիկ ընտանիքներից մեկն էր: Բայազեթի քաղաքապետը, որն ազգությամբ թուրք էր, սառնասրտորեն սպանում է իր մտերիմ ընկերոջը՝ Բայազեթի փոխքաղաքապետ Վահան Մանուկյանին՝ պապիկիս հորեղբորը:
1918 թվականին Մանուկյանների ընտանիքը՝ չդիմանալով թուրքերի հալածանքներին, բռնում է գաղթի ճանապարհը: Վահանն ու Սիսակը հարազատ եղբայրներ էին, նրանց մորաքրոջ տղան՝ Արսեն Կիտուրն ստիպում է Վահանի որդուն՝ 6 տարեկան Էդվարդին վրեժ լուծել հոր համար. զենքը տալիս է ձեռքը եւ օգնում է կրակել նենգ թուրքի վրա: Արսենն օգնում է նրանց փախչել դեպի Փոքր Հայքի գյուղերը:
Հմայակ Մանուկյանը կնոջ՝ Ավրորա Ատրյանի հետ |
Մի քանի տարի գյուղում ապրելուց հետո ընտանիքը տեղափոխվում է Երեւան: Սիսակը կատարելով տարբեր աշխատանքներ՝ կարողանում է հոգալ ընտանիքի կարիքները, հետագայում փոքրիկ խանութ է բացում եւ աշխատեցնելով պահում իր ընտանիքը: Սիսակը 4 երեխա է ուներ՝ Պետրոսը, Հմայակը, Օֆելյան եւ Գոհարը, որոնք բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստանում: Տղաները սովորելու հետ համատեղ, նաեւ աշխատել են եւ օգնել իրենց հորը: Պետրոսը հմուտ փայտագործ էր: Հմայակն էլ բարձրագույն կրթություն է ստացել եւ աշխատել տարբեր պաշտոններում. 1953թ. հիմնադրել եւ տնօրինել է «Հայէլեկտրոապարատ» գործարանն իր բոլոր մասնաճյուղերով (Հայէլեկտրոապարատ միավորում) մինչև 1971թ.:
Սոնա Մանուկյանի պապիկը՝ Հմայակ Մանուկյանը |
Հմայակ պապս ամուսնացած էր ռուսաց լեզվի մասնագետ, վաստակավոր ուսուցիչ եւ դասախոս Ավրորա Ատրյանի (Աստվածատրյանի) հետ: Նրանք ունեցել են 3 որդի՝ Վարդանը, Արմեն ու Վահանը, եւ 7 թոռ, որից 6-ն աղջիկ են, միայն ամենափոքր տղան ունեցավ որդի, որը եւ կրում է Հմայակ Մանուկյանի անունը:
Իրենց ընտանիքի պատմությունը 100 LIVES-ին փոխանցել է ՍոնաՄանուկյանը: