Մարգարիտ Աճեմյան-Ահներթ
Որպես կին գործարար՝ Մարգարիտը ղեկավարել է ընկերություն, որը հեռուստատեսային վավերագրական հաղորդումներ է պատրաստել Նյու Յորքում եւ աշխարհով մեկ։ Ավելի ուշ, որպես Փենսիլվանիա նահանգի «Ֆերնվուդ» առողջարան-հյուրանոցի համասեփականատեր՝ նա որոշիչ մասնակցություն է ունեցել երկրի խոշորագույն առողջարանային համալիրներից մեկի հովանու ներքո գործող այդ հյուրանոցի ղեկավարմանը։
Էությամբ հումանիստ Աճեմյան-Ահներթը ներգրավված է եղել բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններում, ներառյալ՝ նյույորքյան «The Little Flower Children and Family Services» (Փոքրիկ ծաղիկ մանկական եւ ընտանեկան ծառայություններ) կազմակերպությունը, որը 2009-ի մայիսին նրան շնորհել է իր «Distinguished Humanitarian Award»-ը։ 2010 թվականին մոր՝ Էսթեր Աճեմյանի հիշատակին նա ստեղծել է «Մարգարիտ Աճեմյան-Ահներթ» հիմնադրամը։ Հիմնադրամն ամեն տարի ամբողջական կրթաթոշակ է տրամադրում Երեւանում լրագրության ոլորտի հինգ ուսանողի։ Ուսանողները պետք է ունենան ամենաբարձր միջին գնահատական եւ համաձայնություն տան ավարտելուց հետո մնալ եւ աշխատել Հայաստանում այնքան տարի, որքան տարի որ կրթաթոշակ կստանան։
Մարգարիտը Երեւանում՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ |
Որպես հեղինակ՝ իր գործերի եւ հայկական մշակույթում ունեցած նպաստի համար Մարգարիտը 2011 թվականին արժանացել է «Էլիս Այլենդ» պատվո շքանշանի։ Ամերիկայի կին գրողների ազգային լիգայի անդամ է։ Սիրում է զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ եւ նավարկությամբ (ունի 100 տոննա քաշով նավի նավապետի լիցենզիա)։
«Դռան թակոցը»
Աճեմյան-Ահներթի ամենանշանավոր նվաճումը նրա պատմական հուշագրությունն է, որը կոչվում է «Դռան թակոցը. մի մոր պատմություն այն մասին, թե ինչպես վերապրեց Հայոց ցեղասպանությունը» (The Knock at The Door: a Mother’s Story of Surviving the Armenian Genocide)։ Գրքում կենսապատումն է Մարգարիտի մոր՝ Էսթեր Միներաճյան-Ահարոնյան-Աճեմյանի, որն Ամասիայում Հայոց ցեղասպանությունից անմիջապես առաջ եւ դրա ընթացքում վերապրել է անհավատալի թվացող իրադարձությունների մի ամբողջ շարք՝ ի վերջո նոր կյանք սկսելով Միացյալ Նահանգներում։ «Դռան թակոցը» շահել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ USA Book News-ի կողմից ճանաչվելով «2007թ. լավագույն գիրք», իսկ Նյու Յորքի Գրքի փառատոնի կողմից՝ «2008թ. լավագույն պատմական հուշագրություն»։ Վերնագիրն ակնարկում է դռան թակոցը, որ լսեցին բազում հայեր, երբեմն՝ գիշերվա կեսին, եւ որը նշանակում էր՝ թուրք ժանդարմն եկել է աքսորելու, հաճախ՝ ստույգ մահվան։
Էսթեր Միներաճյան-Ահարոնյան-Աճեմյանը |
Հուշագրությունը գրված է հայկական ծերանոցում գտնվող իր տարեց մորն այցի գնացող Մարգարիտի անունից։ Այդ այցելությունների ընթացքում մայրը նրան փոխանցում է հարուստ ու ցնցող մի պատմություն, որը, սակայն, նաեւ վերապրումի ու հաջողության պատմություն է։
Էսթեր Միներաճյանը ծնվել է գետափնյա գեղատեսիլ Ամասիա քաղաքում։ Մայրը մահացել է ծննդաբերելիս, կարճ ժամանակ անց հայրը ծանր հիվանդացել է։ Մահից առաջ նա Էսթերին ու նրա հինգ քույր-եղբայրներին վստահել է երեխաների քեռիներից մեկի խնամակալությանը, որը, երեխաներին խնամելու փոխարեն, նրանց որդեգրման է տվել։ Այսպիսով՝ Էսթերին մեծացրել են համեմատաբար հարուստ Հաջի Հակոբ Ահարոնյանն ու նրա կինը՝ խստաբարո Փեփրոնը։ Քույր-եղբայրներին նա այլեւս չի տեսել, բացի մի եղբորից՝ Հարությունից, որը թուրքական բանակի զինվոր էր եւ աշխատում էր որպես թարգմանիչ։ Թեեւ «Դռան թակոցը» հիմնականում կենտրոնանում է Հայոց ցեղասպանության ընթացքում Էսթերի կյանքի դժվարությունների ու գոյապայքարի վրա, սակայն բազմաթիվ տեղեկություններ է պարունակում նաեւ Ամասիայի կյանքի, խոհանոցի, ծեսերի, հանդիսությունների, կենցաղի, ինչպես նաեւ կնոջ, ընտանիքի ու կրոնի նկատմամբ հայերի վերաբերմունքի մասին։ Բացի գրական արժանիքներից, գիրքը նաեւ նշանակալի ազգագրական արժեք ունի։
Էսթեր Միներաճյան-Ահարոնյան-Աճեմյանը (ձախից երկրորդը) 1915 թվականին՝ նախքան Հայոց ցեղասպանության սկիզբը |
Երբ հայության կոտորածի մասին լուրերն առաջին անգամ հասան Ամասիա, Էսթերի ընտանիքը չհավատաց, որ իրավիճակն այնքան վատ է, որքան նկարագրում էին։ Էսթերի եղբայրը՝ Հարությունը, կարողացավ գտնել նրան եւ ահազանգել, սակայն նրա հորդորներին ոչ ոք ականջալուր չեղավ, քանի որ ոչ ոք չէր ցանկանում հավատալ, որ Ամասիայում հայերի դարավոր ներկայությունը կարող է նման կտրուկ վախճան ունենալ, կամ որ հարեւանը կարող է զենք վերցնել հարեւանի դեմ։ Ի վերջո, ամասիացի այլ հայերի հետ տեղահանվեց նաեւ Էսթերը։ Նա ականատես եղավ, թե ինչպես ամենադաժան կերպով սպանվեցին իր ընտանիքի անդամներն ու ընկերները։ «Հետո անձրեւ եկավ… Մոտակա բլրից ջուրը հեղեղի պես հոսում էր՝ իր հետ բերելով խիճ ու ավազ, ցեխ ու կեղտ։ Ամենատխուրը փոքրիկների կացությունն էր։ Շատերը պարզապես ընկան մայրերի գրկից ու անհետացան ցեխի հաստ շերտի տակ։ Կայծակն ու որոտը, հորդառատ անձրեւը գրեթե խելագարեցրին զինվորներին, ու նրանք նոր դաժանությամբ հարձակվեցին մեզ վրա, երբ փորձում էինք փախչելով փրկվել։ Ես փորձեցի բաժակս լցնել շալիս եզրից հոսող ջրով, բայց ընդամենը մի քանի կաթիլ հավաքեցի»,- մոր խոսքերն է մեջբերում Մարգարիտը։
Էսթեր Միներաճյան-Ահարոնյան-Աճեմյանի եղբայր Հարությունը թուրքական բանակի համազգեստով |
Իր քաջության եւ իր Սիրանուշ ընկերուհու բարության շնորհիվ Էսթերին հաջողվեց գոյատեւել եւ, դեպի Սվազ ուղեւորվող սայլի հետեւում կուչ եկած, ի վերջո հասնել Մալաթիա։ Այնտեղ իր կամքին հակառակ նրան ամուսնացնում են Շամիլ անունով մի մահմեդական տղայի հետ։ Նոր ընտանիքն Էսթերին կրոնափոխ է անում, բայց նա շարունակում է աղոթել հայերեն։ Ճակատագրի մեկ այլ շրջադարձով եղբորը հաջողվում է կրկին գտնել նրան ու թեեւ հետագայում անհետ կորչում է, սակայն հասցնում է աղջկան թաքցնել հարեւան Բագրատյան ընտանիքում։ Նա վերամիավորվում է Ամասիայում ապրող իր խորթ հոր հետ, որն արդեն ապրում էր երկրորդ կնոջ հետ։ Վերջինս Գրետել անունով մի գեղեցիկ գերմանուհի էր, որը բոլոր առումներով հայ էր դարձել։
1920 թվականին, երբ վրա հասավ կոտորածների նոր ալիքը, Գրետելն Էսթերին ասաց, որ նա կարող է կամ ամուսնանալ թուրք հարեւանի հետ, կամ իրենց հետ փախչել Ամերիկա։ Էսթերն ընտրություն չուներ։ Նա հավաքեց իրերն ու մեկնեց հոգնեցուցիչ ճամփորդության դեպի արեւմուտք։ «Ամասիայից Սամսուն հասանք սայլով։ Այնտեղ կառք նստեցինք ու ճամփա ընկանք Ստամբուլ։ Կոստանդնուպոլսից՝ նավով Աթենք։ Աթենքում նստեցինք «Մեգալորելաս» հունական նավը։ Գրետելն ու Պետրոս էֆենդին առաջին կարգով էին երթեւեկում, իսկ Եվան, Սոֆյան, Արամն ու ես՝ երրորդ»,- հիշում է Էսթերը։
Մարգարիտ Աճեմյան-Ահներթը մոր՝ Էսթեր Միներաճյան-Ահարոնյան-Աճեմյանի հետ |
Նյու Յորքում Էսթերը ծանոթանում է մեկ այլ հայի՝ Ալբերտ Աճեմյանի հետ, որը Դիվրիգիից էր (Փոքր Հայքի Տեւրիկ քաղաքը). նրա ընտանիքը եւս տուժել էր Հայոց ցեղասպանության տարիներին։ Նրանք ամուսնանում են 1921 թվականի ապրիլի 24-ին Մանհեթենի 28-րդ փողոցի հայկական եկեղեցում։ Էսթերին ոչինչ հեշտ չէր տրվում. եկեղեցին սկզբում մերժում է պսակել զույգին, քանի որ մի կողմից՝ ապրիլի 24-ը ցեղասպանության վեցերորդ տարելիցն էր, իսկ մյուս կողմից՝ Մեծ պահքի ընթացքում ընդհանուր առմամբ պսակադրություն չէին անում։ Աճեմյան-Ահներթն իր պատմությունն ավարտում է այսպես. «Ինձ երբեմն թվում է, որ տեսնում եմ մորս՝ իմ տան փողոցով ցերեկային զբոսանքի ելած։ Հաճախ ձգվում եմ դեպի հեռախոսը, որ զանգեմ հայկական ծերանոցի նրա համարին… Ամենօրյա սովորություն էր. որոշ ծեսեր դժվար է հաղթահարել։ Մտածում եմ Օսկար Ուայլդի մասին, որը մի առիթով ասել է՝ «Ճշմարտությունը հազվադեպ է լինում մաքուր եւ երբեք չի լինում պարզ»։ Ես հավատում եմ, որ Էսթերը հանգչում է խաղաղությամբ, քանի որ պատմել է իր ճշմարտությունը»։
Հենրի Մորգենթաու կրտսերը՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի հայտնի դեսպանի թոռը, այնքան էր ազդվել այս գրքից, որ այն անվանել է «մարդկության պատմության վատթարագույն դարաշրջաններից մեկի ոգեշունչ ժամանակագրություն» եւ ասել, որ «եթե նման գրքեր ավելի վաղ գրված լինեին, 25 տարի հետո մեկ այլ Հոլոքոստ գուցե տեղի չունենար»։
Մարգարիտ Աճեմյան-Ահներթը |
Էսթերի կյանքի պատմությունն այնքան էր կատաղեցրել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին, որ նրանցից մի քանիսը եկել էին 2007 թվականին «Բարնզ ընդ Նոբլ» գրախանութում գրքի ընթերցման ու մակագրման արարողությանը, որպեսզի կեղծ տեղեկություններ տարածեն եւ խաթարեն միջոցառման ընթացքը։ Նրանք, անշուշտ, ձերբակալվեցին, իսկ ինքը՝ Աճեմյան-Ահներթը, այս կապակցությամբ նշում է. «Միջադեպն ինձ վախեցրեց, սակայն ոչ՝ գործից հրաժարվելու աստիճանի։ Դա ինձ ավելի վճռական դարձրեց՝ պատմելու մորս կյանքի պատմությունը եւ աշխարհին հասցնելու 1915-ին պատահածի մասին ճշմարտությունը»։