Գերմանիան Սիլվինային ցույց տվեց իր սառը կողմը, երբ նա ժամանեց Բեռլին 1988-ին, ջերմաստիճանն իջել էր մինուս 15-ի։ Նախնական ոգեւորությունը փոխակերպվեց ճնշվածության։ Սիլվինան չէր կարողանում ոչ համալսարան ընդունվել, ոչ էլ միջոցներ ուներ գոյությունը պահպանելու համար։ Նա, ի վերջո, աշխատանքի է ընդունվում որպես հայերենի ուսուցչուհի, եւ հայկական մի ընտանիք նրան աշխատանք է առաջարկում Ռեյբերգ մետրոկայանի իրենց կրպակում. «Ամեն կիրակի առավոտյան ժամը չորսին դուրս էի գալիս, որ ժամանակին հասնեմ Վեդինգ։ Կրպակն առավոտյան ժամը հինգից էր բացվում մինչեւ ցերեկվա ժամը երեքը։ Ժամում տասը մարկ վաստակելով` հնարավորություն ստացա ծայրը ծայրին հասցնել»։
«Երկու բանի ընդհանրապես պատրաստ չէի` որ այդքան բարդ կլինի համալսարան ընդունվելու համար դիմումի բոլոր պահանջներին բավարարելը եւ որ 600 դիմորդ կպայքարեն 30 տեղի համար։ Երբ ես չընդունվեցի Բեռլինի Արվեստի համալսարանը (Hochschule der Künste), խորապես հիասթափված էի։ Ինքնատիրապետումս վերականգնելուց հետո կրկին փորձեցի»,-ասում է նա։
«Արվեստի համալսարան ընդունվելու փորձերի ընթացքում հանդիպեցի առաջին սիրուս։ Նա ինձանից տասը տարով մեծ էր ու Մյունխենում հյուսնի արվեստանոցի սեփականատեր էր։ Ես այնքան սիրահարված էի, որ մեկնեցի Մյունխեն, որովհետեւ գրաֆիկական դիզայն սովորելու երկրորդ փորձս էլ ձախողվեց,-հիշում է Սիլվինան,- սակայն ի՞նչ իմանայի, որ մեր սերը միայն երեք ամիս կտեւի։ Դրանից կարճ ժամանակ անց ես չքավոր էի, մերժված Արվեստի համալսարանի կողմից, Մյունխենի ծանծաղուտի մեջ խրված ու ինքս ինձ հարց էի տալիս` «հիմա ի՞նչ»»։
Մյունխենում Սիլվինան նախապատրաստական դասընթացների է գրանցվում հետագա գիտական ուսումնասիրությունների երկու կիսամյակի համար եւ թարմացնում իր ուսանողական մուտքի արտոնագիրը` այդպիսով խուսափելով վերադառնալ Արգենտինա ձախողված կարգավիճակում։ Մի քանի ուսանողական աշխատանքներ կատարելով ու ապրելով ուսանողական կրթաթոշակի միջոցներով, նա կարողանում է գոյատեւել։